30/05/2023 17:49
Երբեմն թվում է՝ այս ամենը մեզ տրվել է ունեցածը վերարժևորելու համար. գուցե, հենց սա է նոր վերելք ունենալու գինը. Նարինե Ավանեսյան
Բելգիայում ապրող Նարինե Ավանեսյանը պատերազմից հետո մի քանի անգամ վերադարձել է Հայաստան՝ մասնակցելու կազմակերպված բողոքի ցույցերին։ Ցավով ընդգծում է՝ պարզվեց՝ անօգուտ։ Նարինեն համարում է, որ պայքարի ազդակներ նախ Արցախից պիտի գան։
Գուցե ասեն՝ հեռվից հեշտ է խոսելը, բայց հատկապես հայրենիքից հեռու ապրելով է, որ խիստ տեսանելի է՝ Արցախում ոչ մի շարժ չկա։ Հայրենիքից հեռու ապրող մարդիկ տեսնում են, որ Արցախում մարդիկ լուռ համակերպվել են իրավիճակին։ Իհարկե, Արցախում ապրող մարդկանց հոգեվիճակը պատկերացնելն անգամ դժվար է, բայց ես դրանից վատ տարիներ եմ ապրել 90-ականներին, - Aysor.am-ի հետ զրույցում նշում է Նարինե Ավանեսյանը։
Նարինեն ընդգծում է՝ Արցախում պիտի հասկանան, որ իրենց ճակատագիրն իրենց ձեռքում է, երբ ողջ ժողովուրդը ոտքի կանգնի, լինեն գործադուլներ, նստացույցեր, ինչպես որ 88 -ին էր, ապա Սփյուռքում ապրող հայրենակիցներն էլ կոգևորվեն, ջանք կգործադրեն հայրենիքի համար օգտակար լինելու։
Նարինեն համաձայն չէ տարածված տեսակետին, թե Հայաստանում մարդկանց մեծամասնությունն անտարբեր է։ «Ամեն մի գրառումս Արցախի մասին այնպիսի արձագանքներ է ստանում․․․ Տեսե՞լ եք Կարենի ու Անիի «Վերջի զանգի» տեսանյութն իմ էջից ինչքան տարածում ունեցավ. այդպիսի շատ օրինակներ կան»։
Նարինեն անթույլատրելի է համարում սոցցանցերում խեղաթյուրված արժեհամակարգ, ցածր ինտելեկտ ունեցող մարդկանց մտքերը տարածելը՝ դրանք իբրև ժողովրդի ձայն ներկայացնելով՝ այդպիսով մանիպուլացնելով, թե պայքարողներ չկան և որ պայքարի իմաստ չկա, որովհետև ժողովուրդն է այդպես ուզում։
«Ես ոչ մի կերպ չեմ կարողանում այս իրականությանը համակերպվել, ինձ համար առավել դժվար է, որովհետև Արցախում շրջափակման մեջ են վատառողջ ծնողներս։ Փորձում եմ տարբեր հետաքրքրություններով ինձ զբաղեցնել, լավ է, որ աշխատանքս է շատ ժամանակ խլում»։
Հարցին՝ ամենից շատ ի՞նչն է կարոտել Արցախում, պատասխանում է՝ ամեն ինչը։ «Անվերջ կզբոսնեի փողոցներում, ծանոթ ու անծանոթ վայրերում։ Ես շատ ընկերներ ունեմ Արցախում, բարեկամներ, կփորձեի բոլորին անպայման հանդիպել, այցելել հարազատներիս գերեզմաններ, զոհված տղաների շիրիմներին ծաղիկներ խոնարհել»։
Նարինեն լավատես է՝ բոլոր պետությունները և՛ հաղթանակներ են ունեցել, և՛ պարտություններ. կարևորը չհուսահատվելն է։ «Երբեմն ինձ թվում է՝ այս ամենը մեզ տրվել է ունեցածը վերարժևորելու, ազգային արատներից ձերբազատվելու համար, գուցե, հենց սա է նոր վերելք ունենալու գինը»։