30/05/2023 10:42
«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը պետբյուջեի հաշվին ամենից շատ գործուղման մեկնող պաշտոնյաներից մեկն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մշտապես գործուղումների մեկնող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նաև Մոլդովայում կլինի նրա հետ: Բանն այն է, որ Արմեն Գրիգորյանը վարչապետի՝ տարբեր երկրներ այցից մի քանի օր առաջ է անգամ մեկնում տվյալ երկիր, հանդիպումներ ունենում, մինչև գալիս է Փաշինյանը:
Այս անգամ Արմեն Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանին կմիանա Մոլդովայում, որտեղ վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արմեն Գրիգորյանը, նրա օգնական Սևակ Ղահրամանյանը և անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանը մայիսի 30-ից մինչև հունիսի 2-ը ներառյալ կգործուղվեն Սլովակիայի Հանրապետություն, ապա՝ Մոլդովա:
Այս այցը ևս կլինի պետբյուջեի հաշվին: Առհասարակ, Արմեն Գրիգորյանը պետբյուջեի հաշվին ամենից շատ գործուղման մեկնող պաշտոնյաներից մեկն է: Վերջինս նաև Մոսկվայում էր, երբ Փաշինյանը մասնակցում էր ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին, ապրիլ ամսին էլ նա Իրանում էր և այդպես շարունակ: Ընդ որում՝ նա գործուղման գրեթե մշտապես մեկնում է իր օգնականի հետ, բնականաբար, կրկին պետբյուջեի հաշվին»։