30/05/2023 13:32
Երկաթգծային ենթակառուցվածքների վերականգնումը ՀՀ-ում կարող է մոտ 2-3 տարի տևել. Փոխվարչապետ
Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակներում Հայաստանում երկաթգծային ենթակառուցվածքները վերականգնելու համար, շատ նախնական հաշվարկներով, կպահանջվի մոտ 2-3 տարի, լրագրողների հետ հարցազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Մենք ուզում ենք լուծումներ, որոնք կամրապնդեն և կավելացնեն Հայաստանի դերը տարածաշրջանում որպես լոգիստիկ հանգույց։ Երկաթուղային տարբերակն այս պահին ամենահավանականն է թվում։ Եթե նայենք տարածաշրջանում երկաթգծային ենթակառուցվածքներին, պարզ է դառնում, որ առանձին հատվածների վերականգնմամբ, տարածաշրջանային մակարդակով մենք ստանում ենք լուրջ լոգիստիկ լուծում։ Վերականգնումը, շատ նախնական հաշվարկներով, կարող է մոտ 2-3 տարի տևել»,- նշեց փոխվարչապետը։
Մհեր Գրիգորյանն ասաց, թե այս շաբաթ հնարավոր է՝ կայանա եռակողմ խմբի հանդիպում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ. քննարկվելու են միայն ապաշրջափակման հարցերը։