30/05/2023 17:01
Երևանից դեպի Կապանի օդանավակայան ևս մեկ թռիչք կիրականացվի
Հայաստանի կառավարության վերջնանպատակը Երևանից Կապան օդային կանոնավոր ուղևորափոխադրումներ ունենալն է, ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Երևանից դեպի Կապանի օդանավակայան մեկ տեխնիկական թռիչք իրականացրել ենք, դրա ընթացքում որոշակի մասնագիտական խնդիրներ են նախանշվել։ Հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում․ նավիգացիոն համակարգում է պետք որոշ բաներ փոխել, որոշ սարքավորումներ է պետք ավելացնել։ Մոտ ժամանակներս մենք երկրորդ փորձնական թռիչքը կիրականացնենք։ Կարող է այնպես լինել, որ երկրորդ փորձնական թռիչքի ժամանակ օդանավը Կապանի օդանավակայանում վայրէջք չկատարի, որովհետև այն խնդիրները, որոնք հայտնաբերվել են, օդանավակայանում չեն, մինչև օդանավակայան հասնելու գոտում են։ Մենք երկրորդ թռիչքը կկատարենք, որպեսզի վստահ լինենք, որ այդ խնդիրները վերացել են, իսկ վերջնանպատակը կանոնավոր ուղևորափոխադրումներ ունենալն է»,- նշեց Սանոսյանը։
Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին Երևանից դեպի Կապանի օդանավակայան փորձնական թռիչք էր իրականացրել 19 ուղևորի համար նախատեսված չեխական արտադրության մարդատար օդանավը։