30/05/2023 14:10
Դրանք մանիպուլյացիոն թվեր են. եթե այդքան մասնավոր աղբյուրներից փողեր են եկել, ինչո՞ւ է յուրաքանչյուր տարի մեր երկրի պետական պարտքն ավելացել 1մլդ-ով. Ատոմ Մարգարյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կազմել է մոտ 1մլրդ դոլար, որը մեր համախառն ներքին արդյունքի 5.13 տոկոսն է:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանն Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Քերոբյանի հայտարարությանը՝ նշեց, որ այդ թվերով հիմա ոչ մեկին չեն զարմացնի.«Տեղի է ունեցել դոլարի կատաստրոֆիկ արժեզրկում, դրամի արժևորում, գնաճի աննախադեպ թռիչք և այնուամենայնիվ չի երևում, թե այդ 1մլդ-ը քանի աշխատատեղ է ավելացրել և որ ոլորտներում: Այո՛, կարող է հանքարդյունաբերության մեջ, կազինոներում, լոտո-տոտոներում, օվշորային գոտիներից եկած փողերը, կամ ռուսական կապիտալը, որը «փախել» է ՌԴ-ից դասալիքների գրպաններով, բազմաթիվ ուղիներով, գումար եկել է Հայաստան: Բայց կրկնում եմ՝ էդ ո՞ր բարձր տեխնոլոգիական սեկտորներն են ուժեղացել, ավելացել և ամենակարևորը՝ ստեղծել ավելացված արժեք ու բարձրացրել բարեկեցությունը: Դրանք ընդամենը մակրո թվեր են, մանիպուլյացիաներ են, որոնց մասնագետները լուրջ չեն վերաբերում: Դրանք ընդամենը քարոզչական գործիքներ են, որոնք նետում են հասարակությանը. ինչքան մեծ ու ուռճացված թվեր լինեն, այնքան մարդիկ, իրենց թվում է, թե կմոռանան՝ ինչ է կատարվում սահմաններին, ինչ է կատարվում Արցախում, ինչպիսի սողացող ցեղասպանություն է իրականացվում և այլն: Լուրջ մարդկանց համար նման ռիփորթները ոչ մի արժեք չունեն: Թող իրենք հատ-հատ ներկայացնեն, թե որ ոլորտում ինչպիսի բարձր եկամտաբեր աշխատատեղեր ստեղծվեցին, ովքեր էին այդ ներդրումները ստացող կամ կատարող սուբյեկտները և ինչպիսի հետագիծ են ստեղծել դրանք»:
Մարգարյանի խոսքով՝ ներդրումները կարող են վտանգներ ստեղծել երկրի համար. «Օրինակ այն հանքագործական ոլորտները, որոնք էկոլոգիական ծայրահեղ վտանգավոր իրավիճակ են ստեղծել, դրանք դրական ներդումներ չեմ համարում: Երկրորդ՝ ներդրումներ չեմ համարում, դասական իմաստով, խաղաբիզնեսում արվողը: Դրանք այլասերում և ոչնչացնում են հասարակությանը և հատկապես երիտասարդության զարգացման դրական միտումները: Ինչի՞ մասին է խոսքը:
Մակրոտնտեսական թվերը, այո՛, կարող է շատ լավ, սիրուն, պլպլան ձևով ներկայացնեն, բայց տակը ոչինչ չլինի: Խորհուրդ կտամ այդպիսի թվեր ներկայացնողներին համեմատեն 2000-ականների իրավիճակի հետ, երբ երկնիշ աճեր էին արձանագրվում, երկնիշ ռիփորթներ էին անում և ինչո՞վ ավարտվեց՝ երկնիշ անկումներով: Այդ աճը, ներդրումները կատարվում են շինարարության ոլորտում, հիմնականում՝ եկամտահարկի հետվերադարձի արտոնությունների հաշվին, իսկ ես դա անվանում եմ բյուջեի ուղղակի թալան: Նույն պատկերն է, ինչ որ Քոչարյանի ժամանակներում: Այստեղ որևիցե նորություն չկա: Այն ժամանակ էլ բազմամիլիարդ ներդրումներ էին արվում: Եթե այդքան մասնավոր աղբյուրներից փողեր են եկել, ինչո՞ւ է յուրաքանչյուր տարի 1մլդ-ով մեր երկրի պետական պարտքն ավելացել և այսօր 11մլդ-ի սահմաններում է: Դա անտրամաբանական է: Լավ կլինի, որ բարձրաստիճան պաշտոնյաներն այդ պարադոքսի բացատրությունը տան: Պատգամավորները, որոնք նստած են խորհրդարանում, այդպիսի հարցեր չեն բարձրացնում, քանի որ կոմպետենտ չեն: Լուրջ մարդկանց համար այսպիսի օրակարգերն ուղղակի զավեշտալի են»:
Տնտեսագետը նաև անդրադարձավ Չինաստանում, ԱՄՆ-ում և Գերմանիայում առևտրային ներկայացուցիչներ ունենալու նախարարության պլաններին և նշեց, որ դա նոր բան չի, նման մտքեր ու գաղփարներ միշտ են եղել.«Ի՞նչ է եղել, թող նշանակեն, դրանք էլ բյուջետային ծախսեր են, մի քանի հոգի իրենց ընտանիքներով, ազգ ու տակով լավ կզգան իրենց այդ երկրներում: Մենք ունեցել ենք դեսպանատներում տնտեսական ատաշեներ, հիմա էլ կան և ի՞նչ են արել:
Ընդհանրապես այս հարցին նայում եմ փիլիսոփայորեն: Պետական կառավարման համակարգը գերուռճացված վիճակում է: Պետք է կտրուկ կրճատվեն, հատկապես նախարարությունները: Այդ կարգի լուծումները, որոնք վերաբերում են պետական հատվածում աշխատատեղերի ավելացմանը, ինչպես նաև նշվածի մասով, հարցի լուծում չեն: Այդ աշխատատեղերը պետք է երկրի ներսում ստեղծվեն: Բայց այդ, աշխատատեղերը, մենք տեսնում ենք, որ ստեղծվում են ծառայությունների ոլորտում, շինարարության, հանքարդյունաբերության, կազինոների ոլորտներում: Այս կարգի դատողությունները, որոնք արվում են, մենք հասկանում ենք, թե ինչի համար են արվում: Թող ներդրումները կատարեն ռազմարդյունաբերության ոլորտում և դիմակայեն սպառնալիքներին ու մարտահրավերներին, որոնք այսօր սպառնում են Հայաստան պետությանը, պետականությանը և Արցախի լինելիությանը: Դրանք այս 5 տարիների ընթացքում պետք է արվեին: Թող ցույց տան մի արտադրություն, որը միջին դասի զենքեր ու զինամթերք է արտադրում, ինչն իրենց ներդրումների արդյունքն է»: