30/05/2023 15:24
Խոսակցությունները, թե կասեցվել է մգեցված ապակիներով մեքենաների վարորդներին տուգանելու գործընթացը՝ ՆԳՆ ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում է
Պարեկային ծառայողները հունիսի 1-ից կտուգանեն այն վարորդներին, որոնց ավտոմեքենայի առջևի կողային ապակիները թաղանթապատված կլինեն: Լիցենզավորված հատուկ սարքի միջոցով են ստուգելու ապակիների լուսաթափանցելիությունը։ Եթե սարքը մեքենայի առջևի և կողային ապակիների լուսաթափանցելիությունը 70 տոկոսից պակաս ցույց տա, ապա վարորդը կտուգանվի 25 հազար դրամով:
Սակայն տարբեր շրջանակներում արդեն քննարկվում է, որ ՆԳՆ-ն կասեցրել է պրոցեսը և դեռևս տուգանք չի կիրառի:
Aysor.am-ը ՆԳՆ-ի ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նման որոշում կա․ «Մենք պաշտոնական հաղորդագրություններ տարածել ենք»:
Փաստացի ՆԳՆ-ից ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում են գործընթացի կասեցման մասին լուրը:
Իսկ ահա ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ ըստ հայտարարված ժամանակացույցի՝ հունիսի 1-ից պարեկները սկսելու են իրենց աշխատանքն այդ մասով և խախտումների դեպքում կիրառելու են վարչական տուգանք:
Հիշեցնենք, որ այս պահին քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց դժգոհությունը հայտնելով նման որոշմանը: