30/05/2023 12:39
Գյումրիի չոր նավահանգստի ծրագրում կառավարությունը ղեկն իր ձեռքն է վերցրել, փոխել է ներդրողին
Գյումրիի չոր նավահանգստի հետ կապված ունենք ծրագրի տեխնիկատնտեսական վերլուծություն կատարող ընկերության մրցույթի հաղթող, հոլանդական հանրահայտ ընկերություն է, ԱԺ-ում այս մասին հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերբյանը՝ ասելով, թե այս պահին ընկերության անունը չի նշի։
«Այդ ընկերությունը մոտակա 2-3 ամսվա ընթացքում պետք է պատասխանի գլխավոր հարցերին` արդյո՞ք Գյումրիի չոր նավահանգստի և ինդուստրիալ պարկի մեջ հնարավոր ներդրումներն արդարացված կլինեն, թե՞ ոչ։ Նախնական վերլուծությունները ցույց են տալիս, որ, այո՛, դա գրավիչ ներդրում է», - ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ այն հետաքրքրությունը, որ այսօր ձևավորվում է հնարավոր նախագծի շուրջ, թույլ է տալիս ասել, որ պրոցեսը հաջողությամբ առաջ կընթանա։
«Ժամանակից առաջ չընկնենք։ Ինչ վերաբերում է իսրայելական արմատներով ընկերությանը, ապա, տարբեր գործոններով պայմանավորված, ընկերությունը հետ է կանգնել իր ներդրումային պլանից։ Ճիշտն ասած՝ իրենք ցանկություն հայտնեցին երկարացնել ներդրումային ծրագրի ժամանակահատվածը և առաջ գնալ, բայց կառավարությունը կշռեց հաջողության հավանականությունը և մենք որոշեցինք չերկարացնել այն ժամանակահատվածը, որը տրված էր ներդրումային ծրագիրն իրականացնելու համար։ Որոշեցինք ղեկը մեր ձեռքը վերցնել և փորձել այդ ծրագիրն ինքներս առաջ տանել», - ասաց Վահան Քերոբյանը։