30/05/2023 16:33
«Հանուն հայրենիքի՝ առանց փառքի». հետախույզ Հովիկ Սիմոնյանի արձանը բացվեց հայրենի քաղաքում՝ Գյումրիում
Հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, հետախույզ, «Մարտական Խաչ 1-ին աստիճանի» շքանշանակիր մայոր Հովիկ Սիմոնյանին` Սարմատին, ընկերներից Էրիկ Անթառանյանը համարում է Հայաստանի, Արցախի համար մարտնչած լավագույն ռազմական գործիչներից մեկը։
Հովիկ Սիմոնյանը 2014 թվականին ծառայության Է անցել Հատուկ նշանակության զորքերում: Ապրիլյան պատերազմում ղեկավարել է մարտական դիրքերից մեկի հետգրավման գործողության ուղղություններից մեկը, Թալիշի մատույցներում մասնակցել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ոչնչացման գործողություններին։
Գյումրեցի հետախույզի մասին սերունդներին պատմելու համար, հետախույզի ընկերը՝ քանդակագործ Արծրուն Միսակյանը, արձան է ձուլել, ասում է՝ ձեռքերից շատ հիշողությունն է օգնել՝ բրոնզե մարմին տալու խիզախ ընկերոջը։
44-օրյա պատերազմի առաջին օրվանից Հովիկ Սիմոնայնն ամենաթեժ կետերում է եղել. իր հմտություններն ու ունակությունները ծառայեցրել է Ջրականում, Հադրութում, Քարվաճառում, Զանգելանում, Կուբաթլուում, Ավետարանոց գյուղի, Սղնախի ուղղությամբ մարտական գործողություններին։ Հովիկ Սիմոնյանը պարգևատրվել է «Հետախուզությունում ծառայության համար» շքանշանով:
Պատվոգրերից, շքանշաններից առավել մեծ գնահատական հետախույզ հրամանտարի համար եղել է իր զինվորների պատրաստվածությունը. 10-ից ավելի երկրներում վերապատրաստում անցած հրամանատարը մեծագույն նվիրումով է իր գիտելիքները փոխանցել զինվորներին։
«Ե՛վ ընկեր էր, և՛ հրամանատար էր, և՛ ավագ եղբայր, և՛ ծնող». այսպես է հիշում անփոխարինելի, հուսալի հրամանատար Հովիկ Սիմոնյանին զինվորներից մեկը։
Երիտասարդ հետախույզը դպրոցահասակ որդուն հասցրեց զենքերին ծանոթացնել, կրակել սովորեցնել։
«Հանուն հայրենիքի՝ առանց փառքի» հետախույզի կարգախոսով առաջնորդվելով, Հովիկ Սիմոնյանը կյանքը նվիրաբերելով հայրենիքին՝ ամենակարևոր դասը թողեց սերունդներին՝ հայրենիքից թանկ չկա ոչինչ։