30/05/2023 19:34
«Նպատակը մեկն է՝ քաղաքացիների գրպանին «կպնելը»․ «Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ ավտոմեքենաների ապակիների համար սահմանված նոր տուգանքի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձել է մգեցված ապակիներով ավտոմեքենաների վարորդներին տուգանելու գործընթացին.
«Անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ կանգնած մեր պետության օրվա իշխանությունների հերթական անհեթեթ որոշմամբ իրականացվում է մգեցված ապակիների ստուգում ինչպես Երևանում, այնպես էլ՝ այն մարզերում, որտեղ պարեկային ծառայություն կա։
Դիմացի կողային ապակիների լուսաթափանցելիության բուն ստուգումները կսկսվեն հունիսի 1-ից։
Անհամապատասխանության դեպքում նշանակվելու է տուգանք՝ 25․000 դրամի չափով։
Միանգամայն հասկանալի է, որ շատ վարորդներ որոշմանը և ստուգումներին արձագանքում են մեծ դժգոհությամբ։
Չկա վիճակագրություն, թե վթարների քանի՞ տոկոսի դեպքում է պատճառ հանդիսացել մգեցված ապակիների առկայությունը։
Ինչպե՞ս կարող էին բոլոր վարորդները նման կարճ ժամանակահատվածում հասցնել ստուգել՝ ապակիների մգությունը 30%-ից ավելի՞ է, թե՞ ոչ, եթե ստուգումներն իրականացվում էին շատ քիչ վայրերում՝ այն էլ, հսկայական հերթերի պայմաններում։
Արդյոք բավարար չափո՞վ է իրազեկումն իրականացվել։
Բացարձակապես չի հիմնավորվում նման որոշումը։
Բացի այդ, մգեցված ապակիները պաշտպանում են արևի ճառագայթներից՝ օգնելով վարորդին։
Ստացվում է՝ մարդիկ լրացուցիչ ծախսեր պետք է հատկացնեն մգեցված ապակիների թաղանթները հեռացնելու համար։
Նպատակը մեկն է՝ քաղաքացիների գրպանին «կպնելը»,- գրել է Գառնիկ Դանիելյանը։