30/05/2023 20:24
Ազգային պատկերասրահում կբացվի «Խաչատուր Իսկանդարյան-100. քանդակագործը և քաղաքը» ցուցահանդեսը
Մայիսի 31-ին՝ ժամը 18:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Խաչատուր Իսկանդարյան - 100. քանդակագործը և քաղաքը» ցուցահանդեսը:
Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանի (1923-2015) բեղուն ու բազմաբովանդակ արվեստն ընդգրկում է անվանի մտավորականներին պատկերող դիմաքանդակներ, կենցաղային ժանրի՝ թրթռուն մակերեսով կերտված մանրաքանդակներ, յուրահատուկ թեմատիկ-հորինվածքային քանդակներ, մոնումենտալ-կոթողային աշխատանքներ, մեծ վարպետությամբ ստեղծված գրաֆիկական թերթեր ու գեղանկարչական գործեր: Նրա հարուստ ժառանգությունը կարևոր տեղ է զբաղեցնում հայ արվեստում։
Խաչատուր Իսկանդարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսն ընդգրկում է շուրջ 50 ստեղծագործություն՝ քանդակ, գրաֆիկա, գեղանկար:
«Հուշեր հին Երևանից» շարքով վարպետը վերարտադրել է մանկության հուշերում պահպանված մայրաքաղաքի երբեմնի կոլորիտը՝ քաղաքի փողոցները, շուկան, կրպակները, արհեստավորներին և նրանց աշխատանքը:
Գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքների միջոցով Իսկանդարյանն արտահայտել է տպավորություններ տարբեր երկրների շրջագայություններից. քաղաքային բնանկարները պատկերում են Հայաստանի, Հունգարիայի, Լատվիայի, Էստոնիայի, Ճապոնիայի տեսարաններ, ներկայացնում ամեն քաղաքին բնորոշ գողտրիկ և գունագեղ անկյուններ։
Իսկանդարյանն առաջին քանդակագործներից է, որ սկսել է հայ կերպարվեստում զարգացնել մանր պլաստիկան։
Ցուցահանդեսը կազմակերպվել է ԿԳՄՍՆ աջակցությամբ։