30/05/2023 15:58
ԵՄ-ն ողջունում է տարածքային ամբողջականության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի համարձակ հայտարարությունը
Եվրամիությունը ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մայիսի 22-ին արած համարձակ հայտարարությունը և սահմանազատման ուղղությամբ աշխատելու Հայաստանի հստակ պատրաստակամությունը:
«Մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կենտրոնացել են մի քանի առանցքային թեմայի վրա, ինչպիսիք են՝ սահմանային, մարդասիրական խնդիրները, հաղորդակցությունները և նախկին ԼՂԻՄ-ի տարածքում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը: Ղեկավարները հրապարակավ վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին և Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
Ողջունում ենք այս կապակցությամբ մայիսի 22-ին Հայաստանի վարչապետի համարձակ հայտարարությունը և սահմանազատման ուղղությամբ աշխատելու՝ հայկական կողմի հստակ պատրաստակամությունը։ Ողջունում ենք նաև Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 25-ի հայտարարությունը։ Քանի որ այս զգայուն հարցերի շուրջ աշխատանքը շարունակվում է, կարևոր է քայլեր ձեռնարկել վստահության ձևավորման ուղղությամբ, բարեխղճորեն ներգրավվել գործընթացում և ցուցաբերել պատրաստակամություն՝ համապարփակ կարգավորման շրջանակում բոլոր հարցերը լուծելու համար»,- այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության գրասենյակի մամուլի քարտուղար Պետեր Ստանոն։
Նրա խոսքով՝ չնայած հակամարտության բարդ պատմությանը՝ բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով։
«Եվրամիությունը հանձնառու է աջակցելու կողմերին այս գործում»,- հավելել է նա։
Ստանոյի կարծիքով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջին մեկ ամսում ակտիվացել է։
«Եվրամիությունը ողջունում է այդ փաստը, միևնույն ժամանակ կարևոր է համարում խուսափել այնպիսի քայլերից, այդ թվում՝ թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել խաղաղության գործընթացը»,- ընդգծել է Ստանոն։