31/05/2023 10:40
Հայաստանի ժողովրդավարությանը սպառնացող բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հայաստանում համացանցն ազատ է, մամուլն ազատ է, ընտրություններն ազատ են, «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ 2018 թվականին տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունն ու մենք ասում էինք, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, շատերը կասկածով էին վերաբերվում, որովհետև ասում էի՝ հետհեղափոխական էյֆորիայի պայմաններում կառավարությունն առանձնապես ազատությունները սահմանափակելու կարիք ու անհրաժեշտություն էլ չունի, բայց այն փաստը, որ «Ժողովրդավարության հայկական ֆորումն» առաջին անգամ մեր երկրում տեղի ունեցավ 2022 թվականին, ոչ թե 2019-ին, կարծում եմ՝ բավականին խոսուն փաստ է», - ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ ժողովրդավարութունն, այո, Հայաստանի հիմնական բրենդն է ու սա իրենց համոզմունքն է ու ռազմավարությունը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Հայաստանը վայելում է ազատությունների արդյունքները։
«Ես համարում եմ, որ այն տնտեսական բարձր աճը, որն այսօր ունենք, նաև տնտեսական ազատությունների արդյունք է, որովհետև եթե տնտեսությունը կառավարելի լիներ ու կառավարվող լիներ պետության կողմից, ես կարծում եմ, որ հատկապես հետպատերազմական շրջանում մենք շատ լուրջ ու խորը պրոբլեմներ կունենայինք, բայց քանի որ այդ ազատությունները հասել են նաև տնտեսության մակարդակ, ամենածանր ու վճռական պահին եկավ մեզ օգնության», - ընդգծեց նա։
Վարչապետն ասաց, թե Հայաստանում ժողովրդավարությանը սպառնացող ոչ մի ներքին վտանգ չկա։
«Հայաստանի ժողովրդավարությանը սպառնացող բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են ու այդ վտանգները հանրահայտ են ու տեսանելի բոլորին», - շեշտեց Փաշինյանը։