31/05/2023 13:23
Սինանյանը պարզաբանեց, թե ինչու է Փաշինյանն անհամբեր սպասում Էրդողանի հետ հանդիպմանը
Դիվանագիտության մեջ արարողակարգ կա և ինչ-որ արտահայտություններ կան, որոնք ստանդարտ օգտագործվում են և դրանցից կախվելը և դրանց մեջ մեծ իմաստ դնելը ժամանակի վատնում է, ԱԺ-ում լրագրողներին ասաց Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ արձագանքելով հարցին, թե նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Էրդողանին շնորհավորելիս Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է ասել, որ անհամբեր սպասում է իրենց հանդիպմանը։
«Ինչո՞ւ է կարևոր, որ Էրդողանի հետ մեր վարչապետը հանդիպի, որովհետև երբ առավոտյան արթնանում ենք, արթնանում ենք այս իրականության մեջ։ Մեր իրականությունը հետևյալն է՝ արևմուտքում 85 մլն բնակչությամբ հարևան ունենք, անունը Թուրքիայի Հանրապետություն է, այդ Հանրապետությունն այսօր վերընտրված նախագահ ունի, անունը՝ Էրդողան։ Արևելքում գտնվող հարևանի մասին չեմ նշում։ Այս երկուսի արանքում մենք մի պետություն ենք, որը պետք է գոյատևի, ոչ թե ապրի։ Հետևաբար, մեր ղեկավարությունը պետք է խոսի իրենց ղեկավարության հետ։ Դա աքսիոմատիկ բան է», - ասաց Զարեհ Սինանյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե հասարակության շրջանում վրդովվմունք կա, քանի որ վարչապետն իր խոսքում նշել է «անհամբեր» բառը մի մարդու հետ հանդիպման մասին, ով պահանջում է Երևանում ապամոնտաժել Նեմեսիսի հուշարձանը՝ Սինանյանն արձագանքեց.
«Թերևս, եթե ես լինեի խոսք գրողը, կարող է այդ բառերը չօգտագործեի։ Բայց այդպես գրվել է և դրա մեջ շատ էներգիա դնելը ոչինչ չի փոխելու»։