31/05/2023 18:16
«Արամ Նիկոլյանն ինչ-որ ժամանակ առաջ ազատվել է աշխատանքից»․ Հանրային ՀԸ տնօրենը չի հիշում՝ կոնկրետ երբ
Ոճաբան, դիզայներ Արամ Նիկոլյանն ազատվել է Հանրային հեռուստաընկերությունում աշխատանքից։ Այդ մասին լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
«Արամ Նիկոլյանն ինչ-որ ժամանակ առաջ, սեփական դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից, մնացած հարցերով իրեն պետք է դիմել»,- ասաց Մովսիսյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև՝ ոճաբանը հայտարարել էր, որ Հանրային հեռուստաընկերություն իր մուտքն արգելել են․ այդ հայտարարությունից հետո՞, թե՞ առաջ է նա ազատվել աշխատանքից։
«Ժամանակագրորեն հիմա չեմ կարող հիշել»,- պատասխանեց Մովսիսյանը։
Հիշեցնենք՝ ապրիլի 14-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանն այրել ու բեմից հեռացրել էր Ադրբեջանի դրոշը։ Դրանից հետո նրան ոստիկանություն էին տարել, ապա ազատ արձակել, ինչից հետո էլ արգելվել էր Արամ Նիկոլյանի մուտքը Հանրային հեռուստաընկերություն, որտեղ նա աշխատում էր։