31/05/2023 21:33
Հայաստանի մարզիկները Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում կմասնակցեն պատանի օլիմպիականների միջազգային ֆորումին
Հունիսի 1-ին և 2-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում կանցկացվի պատանի օլիմպիականների՝ թվով հինգերորդ միջազգային ֆորումը: Այն ավանդաբար կազմակերպում է Ռուսաստանի Դաշնության օլիմպիական կոմիտեն:
Ինչպես տեղեկացնում են ՀԱՕԿ-ից, միջոցառմանը կմասնակցեն 14-17 տարեկան շուրջ 270 պատանի մարզիկներ՝ Ռուսաստանի Դաշնության մարզերից, Բելառուսից, Հայաստանից, Ուզբեկստանից, Սիրիայից, Նամիբիայից, Մալիից և այլ երկրներից։
Ֆորումի նպատակն է երիտասարդ մարզիկներին կրթել օլիմպիական գաղափարներով, արժեքներով: Սպորտը նպաստում է ազգերի միջև բարեկամության, հարգանքի, արդարության և գնահատելի այլ որակների ձեռքբերման գործին:
Միջոցառումը մասնակիցների մոտ պետք է խթանի մաքուր սպորտի ( կյանք առանց դոպինգի ) և արդար խաղի հիմնական սկզբունքների պահպանմանը:
Համաժողովին ավանդաբար ներկա են լինում բազմաթիվ անվանի մարզիկ- մարզուհիներ, չեմպիոններ:
Մասնակից երկրների ԱՕԿ-ների ներկայացուցիչների համար կանցկացվի ուսումնական սեմինար:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն այսօր Մոսկվա կճանապարհի մեր պատվիրակությանը, որը ղեկավարում է Երևանի օլիմպիական պետական մարզական քոլեջի մարզիչ- մանկավարժ Ալլա Պետրոսյանը: Խմբում են պատանի մարզիկներ Անգելինա Կարապետյանը, Անահիտ Միքայելյանը, Արթուր Գալուստյանը և Արթուր Բաղդասարյանը: