31/05/2023 20:08
Անբացատրելի է՝ ինչպես կարելի է Ադրբեջանի նախագահի հայտարարության մեջ խրախուսանքի արժանի որևէ տարր գտնել․ Արցախի ԱԳՆ արձագանքը ԱՄՆ Պետքարտուղարությանը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ․
«ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի ս.թ. մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակիչների, այսպես կոչված, համաներման հարցը դիտարկելու պատրաստակամության մասին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները, խորը հիասթափություն և տարակուսանք է առաջացնում։
Անբացատրելի է, թե ինչպես կարելի է ամբողջությամբ բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ադրբեջանի նախագահի այդ հայտարարության մեջ խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարության հիմնական ուղերձը կայանում էր նրանում, որ Ադրբեջանը հրաժարվում է Արցախի Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ հավասար երկխոսությունից և առաջնորդվում է միայն իր իշխանությունն Արցախի ժողովրդին ուժով պարտադրելու ցանկությամբ։
Կասկածներ չունենք, որ ԱՄՆ-ն ցանկություն ունի դրական դեր խաղալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար, հավասարակշռված ու արժանապատիվ կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու գործում։ Միևնույն ժամանակ, գտնում ենք, որ Բաքվի ապակառուցողական և ռազմատենչ քաղաքականության խրախուսումը լավագույն միջոցը չէ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում դրական փոփոխությունների հասնելու համար»։