31/05/2023 15:26
Կարևորվել է դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը․ Մոնղոլիայի դեսպանն իր հավատարմագրերը հանձնել է ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոնղոլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ուլզիիսաիխան Էնխտուվշինը (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Ուլզիիսաիխան Էնխտուվշինին պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ և արգասաբեր աշխատանք՝ երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:
Դեսպան Էնխտուվշինը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ դիվանագիտական ծառայության ընթացքում կներդնի իր բոլոր ջանքերը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մոնղոլիայի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առկա ներուժն ու հնարավորությունները:
Մտքեր են փոխանակվել կրթության, գիտության, մշակույթի և տնտեսական ոլորտներում արդյունավետ փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է միջազգային հարթակներում երկու երկրների սերտ համագործակցությունն ու դրա ընդլայնումը:
Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և լիազորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Մոնղոլիայի միջև քաղաքական, տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերին: Այս տեսանկյունից կարևորվել են խորհրդարանական դիվանագիտության և բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանն ուղղված նախաձեռնությունների խթանումը, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը: