31/05/2023 15:01
Վարչապետը ԵԽԽՎ հանձնաժողովի նախագահի տեղակալի հետ քննարկել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Փոլ Գավանին:
Վերջինս փաստահավաք առաքելությամբ Հայաստան է ժամանել «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովում» զեկույցի նախապատրաստման շրջանակներում:
Այս համատեքստում, քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր:
Վարչապետն արձանագրել է, որ ադրբեջանական կողմը դադարեցրել է Հայաստանից ԼՂ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները, իսկ սնունդ տեղափոխվում է միայն խաղաղապահների միջոցով:
Նշելով, որ այս ամենն Ադրբեջանի կողմից արվում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու նպատակով` վարչապետը կարևորել է տեղի ունեցողի նկատմամբ միջազգային հանրության համարժեք արձագանքը: