31/05/2023 16:11
Ստամբուլյան կոնվենցիան միշտ եղել է ՀՀ-ին պարտադրվելիք ԵՄ ճանապարհային քարտեզի առանցքային կետերից մեկը. Զոհրաբյան
Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ուզում է, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի։
«Ուզում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի։ Ես գիտեմ՝ կան մարդիկ, որոնց դուր չի գա այն նախադասությունը, որը ես արտաբերեցի, սակայն ես կրկնում եմ՝ այն կանանց պաշտպանության համար է։ Ես ակնկալում եմ, որ քաղհասարակության ներկայացուցիչները պիտի կարողանան մեզ աջակցել», - «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ ասաց նա։
Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այդ կոնվենցիան միշտ եղել է ՀՀ-ին պարտադրվելիք ԵՄ ճանապարհային քարտեզի առանցքային կետերից մեկը:
«Երբ 10 տարի ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահն էի, հետո 2 տարի՝ ԱԺ Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահ, Ստամբուլյան կոնվենցիան միշտ եղել է ՀՀ-ին պարտադրվելիք ԵՄ ճանապարհային քարտեզի առանցքային կետերից մեկը: Ինձ վրա՝ որպես Եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահի, մշտապես լուրջ ճնշումներ են եղել Եվրոպայում, որ ես փորձեմ կազմակերպել հանրային լսումներ, մարզային այցեր և հանրությանը բացատրեմ, թե ինչքան կարևոր և անհրաժեշտ է Ստամբուլյան կոնվենցիան: Այն ժամանակ մենք կարողացանք ազատվել դրանից՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման» մասին օրենքի նախագիծը մշակելով, որի աշխատանքներին մասնակցել եմ նաև ես: Բայց եկեք նայենք վիճակագրությունը: Արդյո՞ք «Ընտանիքում բռնության կանխարգելման» մասին օրենքը բերեց նրան, որ ավելի շատ կանայք, ովքեր ընտանիքներում ենթարկվում են բռնության, դիմեն իրավապահ համակարգին: Գրեթե, աննշան է եղել փոփոխությունը»:
Զոհրաբյանը շեշտեց՝ ինքը դեմ է ցանկացած բռնության՝ լինի ընտանեկան, ֆիզիկական, հոգեբանական, թե տնտեսական՝ նկատելով, որ երբ մանրամասն ուսումնասիրում ես այդ կոնվենցիան, հասկանում ես, որ այն այլ նպատակ ունի. «Մենք ունենք վիճակագրություն, որ ՀՀ-ում կանանց կողմից բռնության է ենթարկվում տղամարդկանց 1 տոկոսը: Ես մանրամասն ուսումնասիրել եմ այդ վիճակագրությունը: Արդյո՞ք Ստամբուլյան կոնվենցիայի իրական նպատակը բռնության կանխարգելումն է՝ ո՛չ: Լինեմ անկեղծ, ես ժամանակին մանրամասն չէի ուսումնասիրել կոնվենցիան և մտածում էի, որ եթե դա կանխարգելելու է ընտանիքում բռնությունը, ինչու չվավերացնենք, որովհետև ինձ կին էր դիմում, ում վրա ամուսինն օրական մեկ տուփ սիգարետ էր հանգցնում։ Երբ ես նրան տեղափոխեցի ապաստարան, այդ կնոջ մայրն ասաց, որ ես իրավունք չունեմ քանդելու իր աղջկա ընտանիքը:
Երբ մանրամասն, տող առ տող ուսումնասիրում ես կոնվենցիան, հասկանում ես, որ դրա նպատակը բացարձակապես այլ է: Դրա նպատակը Հայաստանում արժեհամակարգային հեղափոխություն անելն է, ինչի հիմքը դրվեց 2018 թվականին իշխանափոխությամբ»:
Նրա խոսքով՝ այս պահին, երբ, ըստ էության, դրված է ՀՀ-ի պետականության լինել-չլինելու հարցը, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը կրկին խոսում է Ստամբուլյան կոնվեցիայի մասին։ Զոհրաբյանի գնահատմամբ՝ դա անարգանք է մեր պետության նկատմամբ.«Եվ այդ հարցը ես չեմ դրել։ Նիկոլ Փաշինյանն ինքն իր վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ եթե մենք կարողանանք 2-3 տարի պահել, փրկել ՀՀ պետականությունը, ապա լավ կլինի:
Այսօր այդ կոնվենցիայի մասին խոսելը նշանակում է, որ այս աշխարհաքաղաքական կենտրոնը հստակ ծրագիր ունի: Եղել եմ Հայաստան-ԵՄ ճանապարհային քարտեզի իրագործման միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, ամեն անգամ այդ կոնվենցիան փաթաթում էին մեր վզին, խեղդում էին, և ինձ՝ որպես հանձնաժողովի նախագահի, պարտադրում էին, որ հանրային լսումներ կազմակերպեմ և հանրությանը փորձեմ բացատրել, որ Ստամբուլյան կոնվենցիան փրկելու է կանանաց և այն մեկ տոկոս տղամարդկանց, ովքեր ՀՀ-ում կանանց կողմից ենթարկվում են բռնության: Այդ կոնվենցիայի իրական նպատակը բռնության կանխարգելումը չէ: Եթե իրական նպատակը դա լիներ, ես երկու ձեռքով դրան կողմ կլինեի: Ստամբուլյան կոնվենցիայի իրական նպատակը մեր արժեհամակարգը քանդելն է, մեր ընտանիքն անհասկանալի հարաբերություններով բիոզանգվածի վերածելն է: Եվ հիմա, երբ մեր երկիրը կանգնած է իր պատմության մեջ ամենածանր մարտահրավերների առջև, վերցնել և թիթեռ նկարել, սա ես համարում եմ անարգանք ՀՀ ժողովորդի հասցեին՝ Անդրեա Վիկտորինի կողմից: Ի դեպ, նա մի կին է, ով հայտնի է դիկտատոր Լուկաշենկոյի հետ ժամանակին իր շատ ջերմ հարաբերություններով, երբ Բելառուսում ԵՄ դեսպանն էր։ Բրյուսելին չէր զեկուցում Բելառուսում մարդու իրավունքների հետ կապված աղաղակող ոտնահարումների մասին»: