31/05/2023 13:13
Ղարաբաղյան հիմնախնդրի առկայության պայմաններում տարիներ շարունակ ժողովրդավարությունը ստորադասվել է անվտանգային խնդիրներին. Վահագն Խաչատուրյան
ՀՀ արտաքին մարտահրավերների, ղարաբաղյան հիմնախնդրի առկայության պայմաններում տարիներ շարունակ ժողովրդավարությունը ստորադասվել է անվտանգային խնդիրներին, «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի բացմանն ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Ամենաբարձր մակարդակով անտեսվել է ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, որը փորձ է արվել ներկայացնել որպես սպառնալիք: Ես ցանկանում եմ ընդգծել, որ նման հակադրությունը ոչ միայն անհիմն է, այլև ընդհակառակը՝ ժողովրդավարությունը պետության ամրության և հզորացման առաջնային երաշխիքներից է: Ի վերջո, Հայաստանի անկախության հանրաքվեն, Հայաստանի առաջին նախագահական ու խորհրդարանական ընտրությունները կայացել են մեզ պարտադրված պատերազմի պայմաններում, ասել է թե, մեր պետականությունն ինչ-որ իմաստով նաև ժողովրդավարության ծնունդ է:
Նույն իրավիճակն է նաև այսօր, երբ դեռ թարմ են 2020 թվականի պատերազմի վերքերը, երկիրը դեռ նոր է ուշքի գալիս ծանր կորուստներից հետո, թվում է՝ ժողովրդավարական ինստիտուտները հետին պլան են մղվել, բայց ինչպես արդեն նշեցի, հայաստանյան իշխանությունը լուծումը գտավ հենց ժողովրդավարության միջոցով: Ես հավատացած եմ, որ հենց ժողովրդավարությունն է այն զենքը, որով մենք կարող ենք և պետք է ներկայանանք աշխարհին»,- ասել է նա։
Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ ժողովրդավարությունը ենթադրում է խաղաղություն, քանի որ առանց դրա հնարավոր չէ կամ շատ դժվար է ունենալ կայացած ժողովրդավարական ինստիտուտներ:
«Եվ այս առումով Հայաստանը հաստատակամորեն շարժվում է դեպի ժողովրդավարություն և դեպի խաղաղություն»,- նշել է Խաչատուրյանը։