31/05/2023 21:18
«Մանչուկն ու Կառլսոնը»՝ Վանաձորում, «Մկների ժողովը»՝ Երևանում․ ի՞նչ ներկայացումներ են ցուցադրելու երեխաներին՝ հունիսի 1-ին
Թատերահամերգային կազմակերպություններում հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կանցկացվեն մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ տեղի կունենան թատերական առաջնախաղեր:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 1-ին՝ ժամը 19:00-ին տեղի կունենա Քրիստ Մանարյանի «ՄուկՕպերա» երկու գործողությամբ մանկական օպերայի առաջնախաղը:
Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնն իր հարուստ խաղացանկում, բացի մանկական բալետային ներկայացումներից, կունենա հետխորհրդային շրջանի առաջին մանկական օպերային ներկայացումը. երաժշտական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան, դիրիժոր՝ Աթանես Առաքելյան, բեմադրող ռեժիսոր՝ Արթուր Սահակյան, բեմադրող նկարիչ՝ Ռաֆայել Խաչատրյան, ոճաբան՝ Արայիկ Գաբաջյան, գործիքավորումը՝ Մելիք Մավիսակալյանի:
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կներկայացվի մանկական երաժշտական ներկայացման առաջնախաղ։ Փոքրիկ հանդիսատեսի դատին կհանձնվի «Մկների ժողովը»՝ ըստ Աթաբեկ Խնկոյանի համանուն առակի:
«Մկների ժողովը» երաժշտական ներկայացումը բեմադրել է թատրոնի խորեոգրաֆ Նունե Կիրակոսյանը, որը նրա ռեժիսորական դեբյուտն է: Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը՝ Մարի Սարգսյանը, երաժշտական ձևավորումը և պարերը` Նունե Կիրակոսյանի:
Վերոնշյալ առաջնախաղերը կկայանան հունիսի 1-ին՝ ժամը 11:00-ին և 13:00-ին, հունիսի 3-ին՝ ժամը 11:00-ին և 13:00-ին, հունիսի 4-ին՝ ժամը 12:00-ին:
Հունիսի 1-ին՝ ժամը 13:00-ին և 16:00-ին, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Ա. Լինդգրենի «Մանչուկն ու Կառլսոնը» ներկայացման պրեմիերան: Ուրախ, հետաքրքիր, ուսուցողական այս ներկայացումից առաջ թատրոնի բացօթյա տարածքում երեխաների համար կկազմակերպվի թատերաերաժշտական միջոցառում և կավճանկարչության մրցույթ: