31/05/2023 10:30
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ քաղաքացու դրամական միջոցների վրա դրված արգելանքը հանվել է
Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը՝ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա դրված արգելանքը հանելու հարցում։
Մասնավորապես, նա հայտնել է, որ ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթների շրջանակներում արգելանք է դրվել իր բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա։
Ըստ քաղաքացու՝ կատարողական վարույթների կարճման և դրամական միջոցների վրա դրված արգելանքը հանելու նպատակով իր պարտավորության չափով բռնագանձում կատարելու համար մոտ 10 օր առաջ համապատասխան դիմում է ներկայացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, մինչդեռ արգելանքը չի հանվել։
Բարձրացված խնդիրները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քննարկել է ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրավասու ներկայացուցիչների հետ։ Արդյունքում քաղաքացու բարձրացրած հարցը ստացել է լուծում։