31/05/2023 10:51
Ալեն Սիմոնյանը լրագրող Անի Գևորգյանից որևէ պահանջ չունի. այսօր այդ հարցը կշտկվի. Խոսնակ
Փաստաբան Արամազդ Կիվիրյանը երեկ տեղեկացրել է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանից տեղեկացվել է այն մասին, որ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է դիմում՝ լրագրող Անի Գևորգյանի դեմ կայացված դատական ակտի պահանջների կատարման նպատակով ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական թերթ ուղղելու վերաբերյալ:
«Փաստորեն, Ալեն Սիմոնյանի կողմից դատարանին ներկայացված դիմումն իր մեջ պարունակում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, քանի որ դատական ակտի պահանջները կատարվել են, իսկ վերջինիս կողմից դատարանին ներկայացված դիմումը փաստացի իրենից ներկայացնում է դատական ակտի պահանջների կրկնակի կատարման փորձ», - նշել է նա:
Aysor.am-ի հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը նշեց, որ դա ընդամենը թյուրիմացություն է. «Ալեն Սիմոնյանն Անի Գևորգյանից որևէ պահանջ չունի, քանի որ նա կատարել է դատարանի վճռով բոլոր պարտավորությունները: Այսօր այդ հարցը կշտկվի»: