01/06/2023 11:31
ՀԱԿ-ը դեռ չի քննարկել ընտրություններին մասնակցելու հարցը, Ստեփան Դեմիրճյանն էլ չի ցանկանում խոսել այդ մասին
Արդեն տևական ժամանակ է, ինչ խոսվում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ նորից քաղաքապետ դառնալու ցանկության մասին։ Մամուլը գրել էր, որ նա դիմել է ՀԱԿ-ին և ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին՝ իրենց ցուցակներով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար, սակայն երկուսից էլ մերժում է ստացել։
Այս պահին Մարությանը հյուրախաղերով գտնվում է Եվրոպայում։
Aysor.am-ի զանգերին այդպես էլ չպատասխանեց։
ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ որոշում չունեն՝ կմասնակցե՞ն ընտրություններին, թե՞ ոչ. «Նման հարց մենք դեռ չենք քննարկել»։ Իսկ թե արդյոք մերժե՞լ են Հայկ Մարությանին՝ Մուսինյանն ասաց, որ այդ մասին արդեն խոսել է և չի ցանկանում երկրորդ անգամ անդրադառնալ։
Ստեփան Դեմիրճյանն էլ նշեց, որ զբաղված է և չի ցանկանում խոսել այդ մասին. «Արդեն ամեն ինչ ասվել է»։
Նշենք, որ Հայկ Մարությանը դեռևս հրապարակային չի հայտարարել ավագանու ընտրություններին մասնակցելու ցանկության մասին։