01/06/2023 17:42
Եթե երկրի խորհրդարանի ղեկավարն անպատիժ է մնում, ինչո՞ւ անպատիժ չմնան իրավապահ մարմինների աշխատողները. Իրավապաշտպանը՝ 16-ամյա տղային ծեծելու դեպքի մասին
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Aysor.am-ին այսօր հայտնել էր, որ Դիլիջանի քրեականի պետը, որը ծեծի էր ենթարկել 16-ամյա տղայի, քրեական հետապնդման չի ենթարկվի։ Մասնավորապես, նա ներկայացրել է դիմում այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ տեսանյութը չի տեսել, սակայն մի բան հստակ է՝ բոլոր ոլորտներում անպատժելիություն է. «Մի բան հասկացանք, որ իշխանությունը, սկսած Ալեն Սիմոնյանի թքելուց, քրեական գործեր չի հարուցելու այն մարդկանց նկատմամբ, ում դեմ չի ուզում։ Այդ տրամաբանությամբ են շարժվում։ Եթե երկրի խորհրդարանի ղեկավարն անպատիժ է մնում, իսկ ինչո՞ւ անպատիժ չմնան իրավապահ մարմինները, որոնք մշտապես անպատիժ են։ Ուղղակի այս տեսակ հրապարակային դեպքերում նույնիսկ այն ձևական մոտեցումն էլ չկա՝ քրեկան գործ հարուցել, հետո չշարունակել։ Այլևս այս տրամաբանության մեջ է ամեն ինչ. երբ կուզենան, ում դեմ կուզենան կհարուցեն քրեկան գործ, ում դեմ չեն ուզենա՝ չեն հարուցի։ Այլ բան հնարավոր չէ մտածել»։
Անդրեասյանի համոզմամբ՝ այս ամենի տրամաբանությունը հուշում է, որ ապրում ենք անպատժելիության մթնոլորտում. «Ընտրովի պատժելու սկզբունքը գործում է։ Վարչապետը ժողովրդավարության ֆորումին հայտարարեց, որ ժողովրդավարությունը մեզ համար բրենդ է և մենք ներքին խնդիրեր չունենք։ Եթե մենք ներքին խնդիրներ չունենայինք, արտաքին խնդիրներ էլ չէինք ունենա։ Իսկ մեր ներքին խնդիրներում որևէ բան չի փոխվել, ոնց կա, այդպես էլ մնացել է։ Որևէ համակարգ չի առողջացել, այդ թվում նաև իրավապահ համակարգը։ Եթե հանրային վայրերում են նման բան անում, պատկերացրեք, թե ինչ են անում իրենց աշխատասենյակներում»։
Հիշեցնենք՝ armlur.am-ն այսօր տեսանյութ էր տարածել՝ գրելով, որ 16-ամյա տղային ծեծի ենթարկողը ՆԳՆ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Արսեն Գայթմազյանն է։