01/06/2023 20:33
Շառլ Միշելը Փաշինյանին, Ալիևին, Մակրոնին ու Շոլցին առաջարկել է հանդիպել նաև Իսպանիայում
Այսօր Մոլդովայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԵԽ ղեկավար Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է հուլիսին Բրյուսելում սպասվող նոր՝ եռակողմ հանդիպման մասին, որից հետո հայտնել է նաև իր մեկ այլ առաջարկի մասին, որը նա այսօր ներկայացրել է հնգակողմ հանդիպման մասնակիցներին։
«Ես նաև հայտնեցի, որ մտադիր եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել հանդիպման՝ Իսպանիայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովի շրջանակներում։ Դա նշանակում է, որ մենք Եվրամիության կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի օգնենք ավելի մեծ առաջընթաց ապահովել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է Շառլ Միշելը։