01/06/2023 13:44
Ինչու՞ եկաք իշխանության, եթե կարծում էիք, որ Հայաստանը կադաստրի վկայական չունի. Արթուր Խաչիկյան (Տեսանյութ)
Շառլ Միշելի տերմինաբանությունը, թե նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի և Բաքվի միջև պետք է երկխոսություն լինի իրավունքների և անվտանգության վերաբերյալ, Արևմուտքի երկակի ստանդարտների վկայությունն է։ Եվրոպական խորհրդարանի ղեկավարը հստակ ասաց՝ հայերը իրավունքներ չունեն, երեսուն տարվա բանակցությունները ոչինչ չարժեն, Հաագայի դատարանի որոշումը ոչինչ չի նշանակում, Ալիևի բացահայտ սպառնալիքները պատասխանի չեն արժանանում, Կոսովոյի նախադեպի մասին չարժե հիշել, որովհետև պարզվեց, որ հայերս երրորդ կարգի ազգ ենք. միջազգային նորմերը մեզ չեն վերաբերում, առաջնային են Բաքվի նավթն ու գազը, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
Խաչիկյանի գնահատմամբ, Հայաստանի ղեկավարության բոլոր գործողությունները ներդաշնակ են Արևմուտքի, Ադրբեջանի, Թուրքիայի շահերին։
«Ինչու՞ եկաք իշխանության, եթե կարծում էիք, որ Հայաստանը կադաստրի վկայական չունի, որ Արցախը, այսպես կոչված անկլավները պետք է հանձնել։ Այս մարդիկ ձախողեցին պատերազմը, իրենց իսկ հռչակած խաղաղության դարաշրջանը, բանակցությունները տապալեցին, կոռուպցիայի դեմ պայքարը ձախողեցին, ժովովրդավարական երկիր կառուցելը չհաջողվեց՝ դեմոկրատական երկրում պաշտոնյան չի թքում քաղաքացու դեմքին, զոհված տղաների ծնողների հանդեպ այսպիսի վայրագ վերաբերմունք չի դրևորվում»։
Խաչիկյանն ընդգծում է՝ վերջին 105 տարվա ընթացքում հայ ժողովուրդն այսպիսի ծանր վիճակում չի եղել։
«Այս իշխանությունը Արցախը զիջենք, որ լավ ապրենք անհեթեթ թեզով կործանում է երկու հանրապետություններն էլ։ Ալիևը ատում է հայերիս, կանգ չի առնելու, հայտարարում է՝ Հայաստանն արհեստական պետություն է, հայերը պետություն չպետք է ունենան։ Ինչու՞ է Հայաստանի ղեկավարը ձևացնում, թե չի լսում Ալիևին, հասկանալի չէ, ինչպես նաև հասկանալի չէ մեր հանրության վարքը. մեր ժողովուրդը, կարծեք, թմրանյութի ազդեցության տակ լինի՝ ուղիղ և փոխաբերական իմաստով»։