01/06/2023 10:23
Վաշինգտոնի դրական արձագանքն ադրբեջանական թաքնված շանտաժին անթույլատրելի է և հղի ծանր հետևանքներով. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ այն, որ Վաշինգտոնում անտեսում են Ադրբեջանի սաստկացող ագրեսիան ու դրական լույսի ներքո արձագանքում ադրբեջանական թաքնված շանտաժին, բացարձակ անթույլատրելի է և հղի ծանր հետևանքներով։
«Օրեր առաջ Բերձորում բավականին ագրեսիվ ու լկտի բառապաշարով Ադրբեջանի նախագահը սպառնաց արցախցիներին:
Վերջինս բացի նրանից, որ պահանջեց լուծարել պետական կառավարման համակարգը և բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հրաժարականը պահանջեց, նաև սպառնաց, որ հակառակ դեպքում կանցնի կոշտ միջոցների:
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքելով Ալիևի հայտարարությանը՝ ոչ թե անդրադարձել է արցախցիների ֆիզիկական գոյության սպառնալիքներին կամ հարցերը ուժի կիրառման միջոցով լուծելու վերաբերյալ ռիսկերին, այլ ողջունել Ալիևի պատրաստակամությունը` համաներում հայտարարելու Արցախի իշխանություններին:
Հասկանալի է, որ փաշինյանական խմբակի մտադրությունը` հանձնել Արցախն Ադրբեջանին, Արցախի հարցով գործընթացում բարդագույն վիճակ է ստեղծել, սակայն այն, որ Վաշինգտոնում անտեսում են Ադրբեջանի սաստկացող ագրեսիան ու դրական լույսի ներքո արձագանքում ադրբեջանական թաքնված շանտաժին, բացարձակ անթույլատրելի է և հղի ծանր հետևանքներով», - Facebook-ում գրել է Աբրահամյանը։