01/06/2023 12:29
Եթե ապակին լուսաթափանցելիության բավարար մակարդակ չունի, վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության. ՆԳ փոխնախարար
Մեքենաների դիմապակիների թաղանթները հեռացնելու պահանջը վերաբերում է բոլորին, լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
«Եթե իմ գործընկերները դեռ չեն հեռացրել, ապա շատ կարճ ժամանակում կապահովենք», - ասաց փոխնախարարը՝ արձագանքելով դիտարկամանը, թե կառավարության անդամներից ոմանց մեքենաներից հեռացված չէ թաղանթը։
Փոխնախարարն ասաց, թե վարչական պատասխանատվություն է նախատեսվում ապակիների լուսաթափանցելիության չափի ստանդարտը չպահելու մասով։
«Իսկ չափը նախատեսված է ԵԱՏՄ համապատասխան ակտով, որին միացել է ՀՀ կառավարությունը։ ՀՀ-ն ստորագրելով այդ ակտը, պարտավորություն է վերցրել ՀՀ տարածքում դա ապահովելու։ Հետևապես, ասել, թե մենք կարող ենք ծայրահեղ այլ բան նախատեսել, քան ԵԱՏՄ ընդհանուր ստանդարտն է, միանշանակ պնդում լինել չի կարող։ Թեմայի վերաբերյալ այս պահի դրությամբ նոր նախաձեռնություն չունենք»,-ասաց փոխնախարարը։
Արփինե Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծեց, թե կա ստանդարտ՝ առջևի կողային ապակիները չեն կարող լինել լուսաթափանցելիության սահմանած չափից ավելի.
«Դա կլինի գործարանային, թե քաղաքացիներն իրենց միջամտության արդյունքում են թաղանթապատումն ապահովել, էական նշանակություն ունենալ չի կարող։ Եթե ապակին լուսաթափանցելիության բավարար մակարդակ չունի, վարորդը պետք է անձամբ վերացնի դա, հակառակ պարագայում վարչական պատասխանատվության կենթարկվի»։