01/06/2023 12:18
Անհրաժեշտ է լուծել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրը. ՏԿԵ փոխնախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանը և Քրիստինե Ղալեչյանն ընդունել են «China Civil Engineering Construction Corporation» (CCECC) ընկերության փոխտնօրեն Գուան Ցզյասինի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարի տեղակալները հետաքրքրվելեն ընկերության ունեցած հնարավորություններից, միջազգային փորձից, իրականացված նախագծերից։
«CCECC» ընկերության փոխտնօրեն Գուան Ցզյասինը հանգամանալից ներկայացրել է ընկերության հիմնադրման պատմությունը, ճանապարհաշինության և երկաթուղային տրանսպորտի ոլորտներում ունեցած փորձը, Ասիայում, Եվրոպայում, Աֆրիկայում և Ամերիկայում իրականացրած հաջողված նախագծերը:
Քրիստինե Ղալեչյանը հետաքրքրվել է ընկերության կողմից տարբեր երկրներում կառուցված մի քանի տեսակ թունելներից, դրանց առավելություններից:
Արմեն Սիմոնյանը ներկայացրել է երկաթուղային ոլորտում առկա վիճակը, պետության առաջնահերթությունները, շեշտել, որ անհրաժեշտ է լուծել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրը և բարելավել ունեցած ենթակառուցվածքները, զարգացնել, համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպում-քննարկումները՝ ավելի լավ պատկերացում կազմելու համար Հայաստանում տրանսպորտային և ճանապարհային ոլորտների առկա վիճակի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։