01/06/2023 10:48
«Ժողովուրդ». Փաշինյանի բարձրաձայնած ժողովրդավարությունը ի՞նչ կապ ունի ԼՂ հիմնախնդրի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ժողովրդավարության հայկական ֆորումին և մի քանի տարօրինակ հայտարարություններ արել: Մասնավորապես, նա զուգահեռներ է տարել ժողովրդավարության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էության մեջ:
«Ժողովրդավարության բացակայությունը ծառայել է գործիք, որպեսզի մենք բոլորս չիմանանք ողջ ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին: Եվ այս է պատճառը, որ հիմա մենք Ղարաբաղի հարցի մասին ժողովրդավարության պայմաններում է, որ նոր տեղեկություններ ենք իմանում, հայտնի բառերի նոր իմաստներ և ենթատեքստեր ենք վերհանում, ու սա շատ կարևոր նրբություն է», - նշել է նա:
Եվ Ղարաբաղի հարցում ժողովրդավարության մակարդակի մասին խոսում է մի մարդ, որ 2008 թվականի թավշյա հեղափոխությունից հետո իշխանության գալով՝ խոստացել էր. «Որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնում ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում»։
Իշխանափոխությունից ուղիղ երկու տարի անց՝ արդեն 2020-ի մայիսի 6-ին, Նիկոլ Փաշինյանը խրոխտ տոնայնությամբ բարձրաձայնում էր. «Թող ոչ մեկ մեզ չասի՝ «Հաա, էդ ի՞նչ եք բանակցում»: Ինչ որ պետք է, դա էլ բանակցում ենք»։
Եվ հիմա էլ նա գլուխ է գովում, թե Արցախի հարցում ժողովրդավարությունն է բացել մեր աչքերը, մինչդեռ իրականում նախկինում Իլհամ Ալիևը բողոքում էր, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել ԼՂ անկախությւնը, իսկ հիմա 5 ամսից ավելի փակել է ավտոճանապարհը և արցախցիներին ստիպում է ադրբեջանական անձնագիր ստանալ:
Ի՞նչ կապ ունի սա ժողովրդավարության հետ»։