01/06/2023 14:15
Երևանի քաղաքապետարանը քննարկում է մանկապարտեզներում միասնական երկարօրյա ծրագրին անցնելու հնարավորությունը
Մայիսի 15-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ աշխատող ծնողներին երեխային մանկապարտեզից աշխատանքային ժամերից հետո վերցնելու հնարավորություն պետք է տալ.«Ժողովրդավարական իրավիճակի բարեփոխման խորհուրդն ուներ որոշումներ, որոնցով առաջարկվում էր մանկապարտեզներում երկարօրյայի հնարավորություն ստեղծել։ Սա լավ հնարավորություն է մեզ համար քննարկելու այդ հարցը. կլինի հավելավճարով կամ ինչ-որ ձևով՝ չգիտեմ։ Դա արդեն քննարկումների արդյունքում կհասկանանք»։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Aysor.am-ը հետաքրքրվեց, թե այս պահին Երևան քաղաքում քանի՞ մանկապարտեզ կա, որ տալիս է երկարօրյայի հնարավորություն և դրա համար որքա՞ն են վճարում ծնողները։
«Այս պահին Երևանի գործող մանկապարտեզներից 55-ում հնարավորություն կա սովորականից ավելի ուշ ժամի վերցնելու երեխաներին։ Ինչ վերաբերում է ընդհանուր երկարօրյայի անցնելու ծրագրին, ապա այս պահին կոնկրետ տարբերակներ կան։ Մեր նպատակը լինելու է ընդհանուր ձևով այդ ծրագրին անցումը։ Կան քննարկումներ, որոնց արդյունքում կգանք միասնական որոշման։ Այդ ուղղությամբ քայլեր արվում են, ունենք արդեն նախանշվող լուծումներ։ Պետք է ընտրենք ամենառացիոնալ և օպտիմալ տարբերակը»,- տեղեկացրեցին վարչությունից։
Նշենք նաև, որ այն մանկապարտեզներում, որտեղ այդ հնարավորությունը կա արդեն, ծնողներն ամսական 5000 դրամ են վճարում։