01/06/2023 10:30
«Ժողովուրդ». Հայկ Մարությանին չորսբոլորը մերժում են, բայց նրա ներկայացումները գնում են դիտելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ աշնանը սպասվող ավագանու ընտրություններին ընդառաջ՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը դիմել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը, որպեսզի նրանց ցուցակով մասնակցի ընտրություններին, սակայն կտրուկ մերժում է ստացել: Մերժման պատճառը, ըստ մեր տեղեկությունների, եղել է այն, որ ՀԱԿ-ը մեղադրել է Հայկ Մարությանին, որ հեղափոխությունից հետո սևերի և սպիտակների բաժանեց հասարակությանը, խորը պառակտում մտցրեց հայ հանրության ներսում:
Այս հարցով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանին, որը, սակայն, կարճ արձագանքեց. «Նման բան չկա. Հայկ Մարությանը մեզ չի դիմել»:
Ի դեպ, որոշ ժամանակ առաջ էլ մամուլում լուր տարածվեց, որ Հայկ Մարությանը գնացել է Ստեփան Դեմիրճյանի մոտ ու խնդրել, որ Երևանի ավագանու գալիք ընտրություններին մասնակցի վերջինիս գլխավորած ՀԺԿ ցուցակով, սակայն կրկին մերժում է ստացել:
Ստացվում է՝ Հայկ Մարությանին չորսբոլորը մերժում են, բայց նրա ներկայացումները գնում են դիտելու»։