01/06/2023 17:21
Արարատի և Արագածոտնի մարզերում մեծ քանակությամբ մեղուներ են անկել. Էկոնոմիկայի նախարարությունը սպասում է ահազանգի, որ միջոցներ ձեռնարկի
Արարատյան դաշտում և Աշտարակ քաղաքի շրջակայքում մեղվաընտանիքների 60-70%-ը սատկել է, քանի որ մեղվաբույծները զգուշացված չեն եղել թունաքիմիկատներով դաշտերի ցողման մասին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել էր «Հայաստանի մեղվաբույծների ազգային միավորում» հասարակական կազմակերպության փոխնախագահ Արմեն Նազարյանը։
Aysor.am-ի հետ զրույցում Արարատի մարզից մեղվապահ Գևորգը նշեց, որ լուրջ խնդիրներ ունեն.«Ամեն անգամ, երբ հողագործներն իրենց այգիները ցողում են թունաքիմիկատներով, մեզ մոտ նկատվում է մեծ քանակությամբ մեղուների անկում, ինչը մեղվապահներիս համար շատ լուրջ խնդիր է առաջացնում։ Եթե մինչ այդ իմանում ենք այդ մասին, փորձում ենք տեղափոխել մեղուներին։ Սակայն, միշտ չէ, որ իմանում ենք։
Թունաքիմիկատների հետևանքով մեղուների անկումից բացի, գոյություն ունեն մի շարք հիվանդություններ, ինչպիսիք են, օրինակ, եվրոպական փտախտը, ամերիկյան փտախտը, մակաբույծ տիզը, որ շատ արագ ամբողջ մեղվաընտանիքը ոչնչացնում է։
Այս հիվանդությունների համար դեղեր ենք օգտագործում: Բայց նշեմ նաև, որ մեղուներին առողջ պահելուց բացի, շատ կարևոր է նաև այնպիսի միջավայր ստեղծելը, որ մեղուները կարողանան հեշտությամբ մեծ քանակությամբ բերք բերեն: Օրինակ, մեզ մոտ՝ Արարատյան դաշտում, մեղվապահները իրենց մեղուներին տեղափոխում են բարձրադիր գոտիներ` մեծ քանակությամբ մեղր ստանալու համար: Ես 2000 թվականից մինչ այսօր զբաղվում եմ մեղվապահությամբ և առ այսօր ոչ մի տեսակի պետական աջակցություն չեմ ստացել»:
Էկոնոմիկայի նախարարությունից Aysor.am-ին հայտնեցին, որ իրենք այդ մասով ոչ մի ահազանգ չեն ստացել. «Եթե ահազանգ լինում է, գնում ենք դրա հետևից։ Նման դեպքերում պետք է նմուշ վերցնել՝ պարզելու համար, թե ինչից է եղել։ Բայց մենք դեռ ահազանգ չենք ստացել այդ մասով»։