01/06/2023 13:29
«Ի՞նչ է անում գործընկերը՝ կողմերին կոչ է անում զուսպ մնա՞լ. սա ծիծաղելի է ու շատ-շատ զայրացնում է». Ալեն Սիմոնյանի ակնարկը՝ Ռուսաստանին
Բոլոր այն կենտրոնները, որտեղ բանակցություններ են տեղի ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, պատրաստ են լինել երաշխավոր, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Իմ անձնական կարծիքն է, որ կարևորը լինի այնպիսի երաշխավոր, որը հետամուտ լինի պայմանավորվածությունների պահպանմանը, որը ձեռք կբերվի, որովհետև մենք տեսնում ենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ինձ չի բավարարում, վստահ եմ՝ մեր գործընկերների պահվածքն ու հայտարարություններն էլ չի բավարարում ՀՀ ժողովրդին։ Նոյեմբերի 9-ի փորձը ունենք, նույն սխալներն էլ չենք անելու»,- նշեց նա։
ԱԺ նախագահը կարծում է՝ ավելի լավ է մեկ երկիր լինի երաշխավոր։
«Մենք տեսել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարբերակը։ Ըստ իս՝ երբ մի քանի երկիր է լինում, միշտ կա՛մ իրար մեջ հակասությունը վատ դեր է խաղում, կա՛մ մեկը մյուսի վրա գցելու տարբերակով հնարավոր է լինում խուսափել։ Բերեմ ՀԱՊԿ-ի տարբերակը․ մի կառույց է, որտեղ որոշումներն ընդունվում են ընդհանուր կոնսենսուսով, Հայաստանը իրեն ձեռք չտվող փաստաթուղթը հրաժարվեց ստորագրել։ Դրա համար ավելի լավ է լինի մի երկիր՝ դա կլինի Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, բայց լինի մեկ երկիր ու հստակ մեխանիզմ»,- ընդգծեց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ երաշխավոր երկիրը պետք է ֆիքսի ու ստորագրի՝ եթե հանկարծ Ադրբեջանը որոշեց Արցախում էթնիկ զտումներ անել, կրակել՝ ի՞նչ է անում գործընկերը՝ կողմերին կոչ է անում զուսպ մնա՞լ։
«Սա ծիծաղելի է ու շատ-շատ զայրացնում է ոչ միայն ինձ, այլև՝ բոլորիս։ Ի՞նչ են անելու՝ ձև են անելու, որ ոչ մի բան չի՞ կատարվում, թե՞ ասելու են՝ եկեք այս մի ղեկավարին էլ փոխենք, նոր գեներալ ուղարկեն։ Չէ, այդ մեխանիզմն արդեն փորձեցինք, ստուգեցինք, հասկացանք, որ չի աշխատում»,- հավելեց ԱԺ նախագահը։