02/06/2023 16:27
Ավելի անբարոյական աշխատանք, քան երեխաներին ներքաշել նման պրոցեսների մեջ, մարդկությունը չի ունեցել. Արմեն Մուրադյանը՝ թմրանյութերի շրջանառության մասին
Վերջին տարիներին թմրամիջոցների տարածվածությունը բավակակին մեծ թափ է ստացել, և օգտագործոների թիվը ո՛չ միայն շատացել է, այլև երիտասարդացել։ Այսօրվա ինովացիոն տեխնոլոգիաների բուռն զարգացման պարագայում, համացանցը դարձել է թմրամիջոցների առքուվաճառքի ամենահասանելի հարթակը, որի ծուղակն են ընկնում, հիմնականում, դեռահասներն ու երիտասարդները։
Թեմայի շրջանակներում այսօր ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ «Թմրանյութերի օգտագործումը՝ որպես բնակչության տարբեր տարիքային խմբերի առողջապահական և սոցիալ-տնտեսական բարեկեցության հիմնախնդիր» թեմայով համաժողովը՝ նպատակ ունենալով մեկ հարկի տակ համախմբել ոլորտի առաջատար մասնագետներին և ևս մեկ անգամ բարձրարայնել արդի հիմնախնդրի՝ թմրամիջոցների կիրառման և տարածվածության մասին։ Առաջնային նպատակներից մեկն էր նաև հասարակությանը իրազեկել սպառնացող առողջական խնդիրների մասին ու քննարկել այդ ամենը կանխելու ուղիները։
Aysor.am-ի հետ զրույցում ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը, արատավոր համարելով երևույթը, նշեց, որ այն առաջին հերթին վնասում է երեխաներին։
«Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի գնահատական տանք ժամանակակից աշխարհի այս արհավիրքին և փորձենք հենց երիտասարդներին ներգրավելով, գտնել կանխարգելման ուղիներ։ Այսօր խոսելու են նաև ուսանողներ, երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, որոնց հետ պայմանավորվել ենք առկա խնդիրների վերաբերյալ խոսել անկաշկանդ և բաց։
Հավատացնում եմ, որ սա ոչ թե մեկ հոգու, այլև ողջ սոցիումի և ժողովրդի դժբախտությունն է։ Հաշվի առնելով հանցագործությունների քանակը, որը բացահայտվել է վերջին երկու տարվա ընթացքում, կարելի է ասել, որ խնդիրը, գրեթե կրկնապատկվել է։ Իհարկե, շնորհակալություն իրավապահներին, բայց սա նշանակում է, որ օգտագործողներ կան և այն արագ տարածվում է։
Դրա հետևանքն անգամ եթե չբերի գերդոզավորման արդյունքում կյանքի կտրուկ վտանգի, կարող է բերել խորը հաշմանդամության՝ ո՛չ միայն ֆիզիոլոգիական, այլև սոցիալական առումով», - ասաց Արմեն Մուրադյանը։
Մուրադյանն անդրադառնալով կանանց շրջանում թմրամիջոցների տարածվածության ռիսկերին, նշեց, որ Հայաստանը այս ամենից նույնպես չի կարող անմասն մնալ.
«Սա ոչ միայն մասնագիտական դաշտի՝ իրավապահների և բժիշկների խնդիրն է, այլև սոցիումի։ Աշխատանքը պետք է լինի ի ցույց աշխարհին ՝ հայ ընտանիքները ավելի շատ ժամանակ անցկացնելով երեխաների, դեռահասների հետ, կարող են այս խնդրի հետ կապված կայուն արժեհամակարգ ձևավորել։
Հնարավոր չէ երեխաներին զերծ պահել ցնցային դաստիարակությունից և 21+ կայքերից, բայց առողջ միջավայրի, սոցիալական առողջության և ինֆորմացիոն դաշտի ապահովման պարագայում, կկասեցվեն հնարավոր ռիսկերը»։
Մուրադյանն ընդգծեց՝ առողջ միջավայրի ձևավորման հենքը պետք է լինի ընտանիքում, ապա նոր դպրոցում և համալսարանում։
«Այն մարդկանց ևս, ովքեր ունեն այս խնդիրը, պետք է ապահովել ժամանակակից բժշկական մեթոդներով, որն, ի դեպ, Հայաստանում շատ արդյունավետ կիրառվում է, սակայն դրանից զատ ավելանում է նրանց թիվը։ Տեսնում ենք, թե ինչպես են ներքաշում մարդկանց. չէի ուզենա մեկնաբանել, բայց մեծ ցանկություն ունեմ հայտարարելու, որ ավելի անբարոյական աշխատանք, քան երեխներին ներքաշել նման պրոցեսների մեջ, մարդկությունը չի ունեցել», - ասաց Մուրադյանը։
ԵՊԲՀ-ի հոգեբուժության ամբիոնի վարիչ Կարինե Թաթարյանն էլ նկատեց, որ վերջին տարիների ընթացքում գրեթե վերացել են ավանդական և բուսական ծագում ունեցող թմրանյութերը, և դրանց այսօր փոխարինում են տարբեր բաղադրություն ունեցող սինթետիկ թմրամիջոցները, որոնք տասնյակ անգամ ավելի վնասակար են առողջությանը.
«Սինթետիկ թմրամիջոցների շարքում կան այնպիսի նյութեր, որոնք առաջին իսկ կիրառման փորձից հետո կախվածության մեջ են գցում մարդկանց և նրանց առողջության վրա ունենում անկասելի հետևանքներ։ Մտհոգիչ է նաև այն հանգամանքը, որ թմրամոլներից շատ քչերն են դիմում մասնագիտական օգնության. ըստ վիճակագրության, գրանցվածների թիվն էլ, ամենևին, չի արտացոլում այն պատկերը, որը տիրում է Հայաստանում և ողջ աշխարհում»։
Գիտաժողովի զեկուցողներից հոգեբան Նունե Վարդանյանն իր խոսքում կարևորեց երեխաների և դեռահասների հետ շփման յուրահատուկ մոտեցումն ու ուշադրությունը, որին ծնողները պետք է մոտենամ մեծ պատասխանատվությամբ ու համբերատարությամբ.
«Երեխաներին թվում է, թե իրենց չի սպառնում որևէ վնաս, որոնք կարող են առաջանալ, օրինակ 40 տարեկանում, դա իրենց համար դեռ շատ հեռվում է։
Պատանիների կողմից թմրանյութերի օգտագործման պատճառները բազմաթիվ են՝ ռիսկերի բավարար չգնահատելը, գիտելիքի պակասը, կաշկանդվածությունը նվազեցնելու ցանկությունը, շփումը հեշտացնելու միջոցներ գտնելը և այլն», - ասաց նա։
Հոգեբանը վստահ է՝ «խնդրի կանխարգելումը ծնողների հետ դրական շփման, նրանց հանդեպ վստահության, որևէ ոլորտում իրենց ունակ զգալու մեջ է»։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։