02/06/2023 14:06
Գրքի կարևորությունը ընդգծելու ևս մեկ լավ առիթ կա. հրատարակիչները՝ մանկական գրքի փառատոնի կողքին (Տեսանյութ)
Հունիսի 1-ին Անգլիական այգում մեկնարկեց Մանկական գրքի երկրորդ փառատոնը։ Միջոցառմանը ներկա էին մանուկներ, աշակերտներ, պատանիներ և, իհարկե, գրքին և մանկական գրականությանը մոտ կանգնած մարդիկ։
Aysor.am-ը ևս այնտեղ էր՝ զրուցելու փառատոնի կազմակերպիչների և հայկական հրատարակչությունների ներկայացուցիչների հետ, ծանոթանալու օրվա ծրագրին ու գրական նորություններին։
«Որախ ենք, որ այս տարի ավելի ակտիվ է լինելու, քանի որ արդեն բազում հյուրեր ու այցելուներ ենք ունեցել՝ նույնիսկ աշխատանքային օրով։ Դա փաստում է այն, որ փառատոնը հաջողված ու սիրված է, և ծնողներն իրենց փոքրիկների օրը նախընտրում են անցկացնել գրական միջավայրում», - մեզ հետ զրույցում ասաց «Զանգակ» գրատների ցանցի հանրային կապերի պատասխանատու Աստղիկ Օհանյանը։
Վերջինս կարևորեց այն հանգամանքը, որ միջոցառումը մեկ օրով չի սահմանափակվելու և սպասվող օրերը ևս լինելու են գրքաշատ ու միջոցառումաշատ։
Փառատոնին իրենց մասնակցությունն էին հայտնել ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան մի շարք հրատարակչություններ։
Aysor.am-ի հետ զրույցում «Զանգակ» հրատարակչության հանրային կապերի պատասխանատու Սյուզան Չիչակյանն ընդգծեց, որ մեծ ոգևորությամբ և դրական ակնկալիքով են մասնակցում փառատոնին՝ արդեն երկրորդ տարին։
««Զանգակ» գրատունն արդեն երկրորդ անգամ է կազմակերպում երեխաներին իր շուրջը հավաքող այս գունեղ միջոցառումը և «Զանգակ» հրատարակչությունը, բանականաբար, չէր կարող անմասն մնալ այս մեծ իրադարձությունից։ Մենք միացել ենք փառատոնին մեր մեծ զեղչերով և գունեղ միջոցառումներով», - ասաց ներկայացուցիչը։
Սյուզաննա Չիչակյանը կարևորեց այն փաստը, որ արդեն տասներորդ տարին է, ինչ հրատարակչությունը ներկայանում է «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագրով, որը լինելով ուրախ և դինամիկ, երեխաների ամռան երեք ամիսները դարձնում է գրքաշատ։
Հայաստանում գործող մեծ հրատարակչություններից «Էդիթ Պրինտ»-ը ևս ներկա էր փառատոնին։ Հրատարակչության գլխավոր խմբագիր և գրող Դավիթ Սամվելյանն արձանագրեց, որ չի եղել գրքի այնպիսի մեծ փառատոն, որին մասնակցություն չեն ունեցել:
«Այս փառատոնի շրջանակներում մենք ներկայացնում ենք մեր մանկական և պատանեկան գրքերը ու ամեն տարի միշտ թարմ նորություններ ենք ունենում։ Այս տարի թարմացված ներկայացնում ենք մեր արկածային գրականության դասական գործերը, դեդեկտիվ գրականության սիրելի դարձած հատորներն ու վստահ ենք, որ տաղավարին յուրաքանչյուր մոտեցող իրեն հարմար որևէ բան կգտնի։ Ունենք նաև նվերներ, քանի որ գիրքը տոն է, իսկ առանց նվերների տոն չի լինում», - ասաց նա։
Դավիթ Սամվելյանի խոսքով, մանկական գրականությունը գերակշռում է գրական շուկայում, և մանկական գրքերի պարագայում կարևոր է ամեն մի դետալ՝ թղթի որակից սկսած՝ մինչև տառաչափ և տառաձև։
«Ժամանակակից տենդենցներին համահունչ՝ փորձում ենք դրանք հրամցնել մեր ընթերցողներին՝ ինչպես մեծերին, այնպես էլ փոքրերին», - ասաց նա։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։