02/06/2023 19:08
Հիվանդ երեխայի խնամքն ապահովելիս պետք է հիմնվել միայն ապացուցահեն բժշկության վրա. մանկաբույժ Աիդա Պապիկյան
Ժամանակակից բժշկությունը, տալով նորագույն հնարավորություններ, ինչ-որ տեղ նաև պարտավորեցնում է լինել առավել զգոն և պատրաստ՝ ընդունելու այդ մեթոդներն ու ցուցաբերելու դրանցով ուղղորդվելու պատրաստակամություն։
Հայաստանի առողջապահական համակարգում երբեմն, սակայն, հանդիպում են տարբեր հարցերի շուրջ կարծրատիպային մեկնաբանություններ ու մոտեցումներ, հասարակության որոշ շերտեր ևս դեռևս նախընտրում են շարժվել ավանդական մեթոդներով՝ որոշակիորեն բարդացնելով իրենց և երեխաների առողջական վիճակը։
«Ապացուցահեն բժշկությունը ենթադրում է ռանդոմիզացված հետազոտությունների իրականացում հազարավոր մարդկանց վրա և այդ խմբերի համեմատություն։ Համեմատությունների մեջ զգալի տարբերությունները քննելով՝ մասնագետները հանգում են ապացուցված եզրակացությունների», - Aysor.am-ի հետ զրույցում ասում է «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» կենտրոնի մանկաբուժական բաժանմունքի պատասխանատու և մանկաբույժ Աիդա Պապիկյանը։
Մասնագետի խոսքով՝ շատ ծնողների անհանգստություն պատճառող «կոլիկա» տերմինը վերջին տարիներին հանվել է գործածությունից, և չի համարվում, որ երեխայի անհանգստությունը գալիս է փորիկից.
«Ապացուցվել է, որ դա երեխայի զարգացման էտապն է, որը կոչվում է «անմխիթար լացի տարիք»։ 25 % -ի մոտ այն հիմնականում ընդգրկում է 2-4 ամսականը, երբ փոքրիկներն ավելի շատ են լաց լինում։ Այս դեպքում պետք չէ ո՛չ գազիկների դեմ, ո՛չ էլ այլ դեղեր տալ փոքրիկին։ Երբ ծնողները պնդում են, որ իրենց բալիկին օգնում են այդ դեղերը, ես դա կապում եմ պլացեբոյի էֆեկտի հետ»,-ասում է մանկաբույժը։
Մեզ հետ զրույցում, մասնագետն անդրադարձավ հիվանդ երեխայի խնամքի հետ կապված մի շարք կարևոր խնդիրների, որոնք ավելի են սրվում ծնողի կամ խնամակալի սխալ մոտեցման հետևանքով։
«Առողջ սնունդ ապահովելուց զատ, այլ խորհուրդ չկա տալու ծնողին։ Բացառություն է կազմում թերևս լուծը, երբ կարող ենք սահմանափակել կաթնամթերքը՝ մեծ տարիքում, բայց ոչ կրծքի երեխայի դեպքում։ Հիվանդության պարագայում պետք է ապահովել անհրաժեշտ հեղուկներ՝ այնքան, որքան կորցրել է երեխան»,-խոսելով սննդի ընդունման մասին՝ ասաց մանկաբույժը։
Աիդա Պապիկյանը վտանգավոր և անիմաստ համարեց ջեռակի գործածումը, որը շատ դեպքերում այրվածքների պատճառ է դառնում.
«Քիչ իրավիճակներ կան, որ պետք է երեխաներին արհեստականորեն տաքացնել, օրինակ՝ հիպոթերմիայի դեպքում, բայց մնացած այլ պարագաներում երեխաների ջերմակարգավորման կենտրոնը դեռևս պատրաստ չէ դիմակայել դրան։ Օրինակ, կրծքի տարիքում չափից ավելի ջերմություն տալը կարող է խաթարել երեխայի բնականոն ջերմակարգավորումը»։
Մասնագետը խորհուրդ տվեց մինչև երկու ամսականը երեխային հագցնել մայրիկի հագածից մեկ բարակ շերտ ավելի, իսկ երկու ամսականից հետո՝ այնքան, որքան մայրիկը կհագնի։
«Չի կարելի նաև գլխարկ դնել տանը, քանի որ երեխաների ջերմատվությունը մինչև որոշակի տարիքը կատարվում է գլխով, և եթե մենք թույլ չենք տալիս, որ գլխով լինի ջերմատվություն, երեխան հիպերթերմիայի մեջ է ընկնում, որն ավելի վտանգավոր է, քան հիպոթերմիան»,-ասաց նա։
Հաջորդ կարևոր հարցը, որը հուզում է շատ մայրիկների․ լողացնե՞լ արդյոք փոքրիկին հիվանդ ժամանակ, թե՞ ոչ.
«Լողացնել հիվանդ երեխային կարելի է և պետք է, քանի որ մաշկի միկրոբները երբ շատանում են (ջրծաղիկի դեպքում), վատ հետևանքների կարող են հանգեցնել։ Իհարկե, բշտիկները չպետք է վնասել սպունգով, բայց լոգանքի հակացուցում բժշկության մեջ չկա, բացառությամբ վիրահատված հիվանդների, որոնք էլի սահմանափակ թիվ են կազմում։
Ջրծաղիկի ժամանակ մաշկն անպայման պետք է լվանալ օճառով կամ մանկական գելով, որը չորացնելու փոխարեն՝ կսնուցի և կխոնավեցնի մաշկը,իսկ ինֆեկցված էլեմենտների դեպքում՝ հակասեպտիկ օճառով»,-ասաց բժիշկը։
Խոսելով դեղերի, վիտամինների և հակաբիոտիկների գործածության մասին՝ նա նշեց, որ ամբողջ աշխարհում հազի դեղերն արգելված են երեխաների համար՝ թե՛ խորխաբերները, թե՛ հազը կանգնեցնողները։ Հազի բուժումն, առհասարակ, շատ քիչ միջամտություն է պահանջում, եթե չկա թոքաբորբ կամ ասթմա։
«Կան եզակի իրավիճակներ, երբ բժիշկները նման դեղեր են նշանակում, օրինակ՝ կապույտ հազի ծանր արտահայտված դեպքերում, երբ պետք է հազի կենտրոնը գտնել, իսկ հակառակ դեպքում հազի օշարակները, կակաոյի յուղը, սոճու կոնը և այլ միջոցներ որևիցէ կիրառություն չունեն։
Ընդհակառակը, հազի դեղերն ունեն հակառակ էֆեկտներ՝ միկրոբները բազմանում են, խորխը շատանում է, երեխան չի կարողամում դա դուրս բերել, և կուտակված խորխից առաջանում է թոքաբորբի օջախ։
Շատ կարևոր է անամնեզը՝ երբ է հազում, որքան ժամանակ, գիշե՞րը, թե՞ օրվա ընթացքում, ունի՞ ալերգիայի նշաններ և այլն։ Հազը սիմպտոմ է, որի հետքերով գնալով ՝պետք է խնդիրը լուծել»,-ընդգծեց Պապիկյանը։
Մանկաբույժը նշեց, որ նույն իրավիճակն է նաև լուծի ախտորոշման դեպքում. «Լուծը բուժում ենք հազվադեպ այն իրավիճակում, եթե բակտերիա է հայտնաբերվել, և դրան համարժեք անտիբիոտիկ ենք տալիս բալիկին։ Լուծը կանգնացնող, կամ ընդհանուր միկրոֆլորան կարգավորող այլ դեղամիջոցներն անարդյունավետ են ու սխալ։
Կարելի է տալ հեղուկ՝ խտացված աղերով, որը հայտնի ռեգիդրոնն է. Այն ոչ թե լուծն է կանգնեցնում, այլ կորցրածն է վերականգնում։ Կարող ենք աղիքներին օգնել նաև ցինկ կոչվող միկրոէլեմենտով։
Հակաբիոտիկների կիրառությունը հաճախ շատ անտեղին է, պետք է զգույշ լինել»,-զգուշացրեց մասնագետը։
Խոսելով վիտամինների կիրառության մասին՝ Աիդա Պապիկյանը նշեց, որ վիտամին D-ն միակն է, որը նշանակվում է առանց հետազոտության՝ մինչև 1, նույնիսկ՝ մինչև 2 տարեկանը։
«Մյուս վիտամինները խիստ ցուցում ունեցող միկրոէլեմենտներ են, պետք է կատարել անհրաժեշտ հետազոտություն, որպեսզի բուժական չափով տրվի համապատասխան վիտամինը։
Պահանջարկ վայելող մուլտիվիտամիններն էլ բժշկության մեջ ունեն կիրառելի նշանակություն հատուկ սննդակարգ ունեցող բալիկների մոտ (օրինակ՝ վեգանների ընտանիքում) և միտված են լրացնելու այլ վիտամինների պակասն օրգանիզմում»,-ասաց մանկաբույժը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։