02/06/2023 16:09
Հայաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության ցուցանիշներն աննախադեպ են, իրավապահ համակարգն այսպիսի արդյունքներ երբևէ չի գրանցել. ՔԿ նախագահ
«Տելեգրամ» ալիքներով շրջանառվող թմրանյութի ծավալը, ամենայն հավանականությամբ, աճել է, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
«Ինչու եմ ասում՝ ամենայն հավանականությամբ, որովհետև մենք այս ոլորտում բացահայտելիության մեծ ցուցանիշներ ունենք, դրանից էլ ենթադրում ենք, որ ծավալը կարող է աճած լինել»,- նշեց նա։
ՔԿ նախագահի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում 9 քրեական վարույթ է եղել, որոնց շրջանակում հայտնաբերվել է թմրանյութի ապօրինի շրջանառությամբ տելեգրամյան 49 էջ։ Երեք նման էջ էլ հայտնաբերվել է «Darknet» համացանցային տիրույթում։
Այս գործով 52 մեղադրյալ է եղել, որոնցից 35-ը կալանավորվել է։ Թմրանյութի ապօրինի շրջանառության քանակը եղել է 2,5 միլիարդ դրամի։
«Անհամեմատ ավելի լավ են 2023 թվականի ցուցանիշները, ունենք նման 14 քրեական գործ, խոսքը վերաբերում է բացառապես տելեգրամյան ալիքների միջոցով շրջանառվող թմրանյութերի դեպքին, ունենք հայտնաբերված 30 էջ, ունենք 23 մեղադրյալ, նախնական շրջանառությունը հասնում է շուրջ 3 միլիարդի»,- մանրամասնեց ՔԿ նախագահը։
Նա ասաց, թե այս ցուցանիշներն աննախադեպ են, իրավապահ համակարգն այսպիսի արդյունքներ երբևէ չի գրանցել թմրանյութերի ապօրինի շրջանառության տիրույթում։
«Մեկ շատ մտահոգիչ հանգամանք կա․ «Տելեգրամ» հավելվածը չի համագործակցում իրավապահ մարմինների հետ, ու սա մեր աշխատանքի արդյունավետությունը շատ է դժվարացնում, դանդաղեցնում», - նշեց Քյարամյանը։