02/06/2023 22:45
Լաչինի միջանցքով ցանկացած տեղաշարժ չի կարող մեկնաբանվել որպես ադրբեջանական ապօրինի հսկողությունը լեգիտիմացնող և ադրբեջանական իրավազորությունն ընդունող գործողություն․ Արցախի կառավարություն
Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցությամբ, 28 անձինք տեղափոխվել են Արցախից Հայաստան, իսկ 27-ը՝ Հայաստանից Արցախ, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Բոլորը հրատապ մարդասիրական կարիքներ ունեցող անձինք են, ներառյալ՝ առողջական, հարազատի խնամքի, ընտանիքի հետ վերամիավորման կարիքները: Տեղափոխման հրատապ կարիքներ ունեցող հարյուրավոր այլ անձինք Արցախում և Հայաստանում սպասում են իրենց հնարավորությանը՝ չհաշված ոչ այնքան հրատապ նպատակներով երկու ուղղություններով երթևեկելու կարիք ունեցող հազարավոր անձանց:
Նշում. Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի 173-օրյա շրջափակման շարունակականությունը, ապրիլի 23-ից Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը և Արցախի քաղաքացիների հանդեպ ապօրինի հսկողական միջոցների կիրառումը, ՌԴ խաղաղապահ զորակազմի շարունակական անկարողությունը՝ ապահովելու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված միջանցքի ռեժիմը, միջազգային հանրության շարունակական անկարողությունը՝ ապահովելու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժի երաշխավորման պահանջով, ինչպես նաև Արցախի բնակչության շրջանում օրեցօր խորացող մարդասիրական կարիքները՝ Արցախի Հանրապետության կառավարությունը՝
• Ապօրինի է համարում 2022թ. դեկտեմբերի 12-ից մեկնարկած շրջափակումը և ապրիլի 23-ից ադրբեջանական անցակետի գոյությունը, ինչպես նաև՝ Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների տեղաշարժի հանդեպ հսկողական միջամտություններն ու այլ խոչընդոտները.
• Ընդգծում է այդպիսի պայմաններում Արցախի ժողովրդի հավաքական ու անհատական բազմաթիվ իրավունքների շարունակական ու սրվող խախտումների առկայությունը.
• Շեշտադրում է Լաչինի միջանցքի՝ Եռակողմ հայտարարությամբ ամրագրված և ՄԱԿ-ի դատարանի որոշմամբ հաստատված ռեժիմի հրատապ վերականգնման և անվտանգության նախատեսված նվազագույն պայմանների ապահովման անհրաժեշտությունը.
• Հայտարարում է, որ նախքան Լաչինի միջանցքի ռեժիմի լրիվ վերականգնումը՝ Արցախի կառավարությունը հնարավորինս կփորձի ՌԴ խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ և ուղեկցությամբ ապահովել իր քաղաքացիների հրատապ մարդասիրական կարիքների բավարարման համար միջանցքով որոշակի տեղաշարժը.
• Ընդգծում է, որ Լաչինի միջանցքի ռեժիմի խախտման ու Արցախի շրջափակման պայմաններում միջանցքով ցանկացած տեղաշարժ չի կարող մեկնաբանվել որպես ադրբեջանական ապօրինի հսկողությունը լեգիտիմացնող և այդ տարածքների նկատմամբ ադրբեջանական գոյություն չունեցող իրավազորությունն ընդունող գործողություն, քանի որ այդ տեղաշարժերը կատարվում են հարկադրված՝ ելնելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների ապահովման ու պաշտպանության խիստ անհրաժեշտությունից և Արցախի Հանրապետության իշխանությունների՝ սեփական ժողովրդի հանդեպ ունեցած պարտավորություններից:
• Արձանագրում է, որ մարդասիրական խիստ սահմանափակ տեղաշարժը ոչ մի դեպքում չի կարող դիտարկվել որպես Արցախի շրջափակման ավարտ, քանի դեռ Լաչինի միջանցքում առկա են ադրբեջանական հսկողական միջամտություններն ու այլ խոչընդոտները»,- նշված է հաղորդագրությունում: