02/06/2023 18:34
ԱՄՆ-ն չի ցանկանում սառը պատերազմ վարել Ռուսաստանի հետ և Ռուսաստանին չի համարում իր թշնամին․ Բլինքեն
Ամերիկան Ռուսաստանի թշնամին չէ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«ԱՄՆ-ն չի ցանկանում սառը պատերազմ վարել Ռուսաստանի հետ և Ռուսաստանին չի համարում իր թշնամին։ Չի ձգտում ոչնչացնել Ռուսաստանին կամ տապալել նրա վարչակարգը։ ԱՄՆ-ի շահերից է բխում անվտանգ ու բարգավաճող Ռուսաստանը»,- ասել է Բլինքենը՝ Ֆինլանդիայի քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ։
ԱՄՆ պետքարտուղարն, անդրադառնալով Ուկրաինայում ռազմական գործողություններին, նշել է, որ ցանկության դեպքում Ռուսաստանը դրանք հիմա էլ կդադարեցներ, միևնույն ժամանակ նշել է, որ «Ուկրաինան երբեք Ռուսաստան չի դառնա», և որ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը հենց Ուկրաինան ու նրա դաշնակիցները պետք է կայացնեն։
«Դա Ռուսաստանի գործը չէ»,- ասել է Բլինքենը։
Ինչ վերաբերում է Ուկրաինայում հակամարտության ավարտին, ապա ԱՄՆ-ն, Բլինքենի խոսքով, կաջակցի բոլոր այն փորձերին, որոնց նպատակն «արդար ու կայուն խաղաղության» հաստատումն է՝ անկախության ու տարածքային ամբողջականության սկզբունքների պահպանմամբ։
«Խաղաղության ապահովումն Ուկրաինայում պետք է նախատեսի նաև վերականգնմանն ուղղված ճանապարհային քարտեզ, իսկ Ռուսաստանն իր բաժնեմասը պետք է վճարի այդ գործում»,- ասել է նա։