02/06/2023 13:44
Ինչո՞ւ են որոշել Սփյուռքում հանձնակատարներ ունենալ. արդյո՞ք փորձ է արվում միջամտել հայ համայնքի կյանքին
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ առաջիկայում հայկական սփյուռքի խոշոր կենտրոններում հանձնակատարներ կնշանակվեն:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Ամալյա Կարապետյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ Հանրային ծառայությունների մասին օրենքում դեռևս 2021 թվականի նոյեմբերին կատարվել է փոփոխություն, ըստ որի, Սփյուռքում նշանակվելու են հանձնակատարներ.«Այն լինելու է հայեցողական պաշտոն, հանձնակատարները նշանակվելու են վարչապետի կողմից՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առաջարկությամբ։
Այս թեմայով աշխատանքներն արդեն 2 տարի է՝ ընթացքի մեջ են։ Մինչ օրս հանձնակատար չի նշանակվել մեկ պարզ պատճառով, քանի որ երբ օրենքն ընդունվեց, Սփյուռքում բավականին մեծ քննրկումներ էին ծավալվում, որ սա որևէ տեսակի միջամտություն է համայնքային հարցերին, hայ համայնքի կարծիքը հաշվի չի առնվելու և այլն։ Գրասենյակը իր բոլոր այցերի ընթացքում, համայնքային հանդիպումների ժամանակ բացատրողական աշխատանք է տարել, որ սա ՀՀ-ի կամ կառավարության կողմից համայնքային գործերին միջամտելու նպատակ չունի։ Սա պարզապես նպատակ ունի խորացնելու գրասենյակի և տվյալ մեծ համայնքների միջև կապի առկայությունը»։
Կարապետյանը հավելեց, որ հանձնակատարների նշանակումները, թեկածուների դիտարկումը պետք է քննարկվեն համայնքային տարբեր շրջանակների կողմից և որոշակի կոնսենսուս պետք է լինի տվյալ թեկնածուների հետ կապված։ Գրասենյակի մամուլի պատասխանատուն շեշտեց, որ թեկնածուները պետք է լինեն ակտիվ, կարողանան հայեցողական հիմունքներով, կամավորական սկզբունքերով կատարել այս աշխատանքը.«Սա նաև ինչ-որ չափով գալիս էր համայնքներում մեր այցելությունների հիման վրա կատարված դիտարկումներից։
Քանի որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը գտնվում է Երևանում և բավականին մեծ աշխատակազմ չունի 7մլն-ոց սփյուռքի հետ աշխատանքներ տանելու, համայնքներից կար առաջարկ, որպեսզի տեղում լինեն մարդիկ, ովքեր կլնեն գրասենյակի ներկայացուցիչներ և կապող օղակը ՀՀ կառավարության և սփյուռքի միջև։ Այսպիսով, այս մարդկանց աշխատանքը որևէ կերպ չի հակադրվում համայնքային կազմակերպությունների, առաջնորդների աշխատանքին։
Ընդհակառակը, մենք ուզում ենք, որպեսզի հնարավորինս հասանելի լինենք համայնքներին և նրանք ունենան այն կոնտակտային անձը, ով միշտ հասանելի կլինի՝ անկախ ժամային, աշխարհագրական, լեզվային տարբերությունից։ Որոշումն ինքնանպատակ չի եղել, դրա համար դեռևս մինչ այսօր տարբեր թեկնածություններ են դիտարկվում, համայնքների հետ երկխոսություն է ծավալվում, որպեսզի համայնքներին ևս ամբողջովին ընկալելի լինի այդ մարդկանց դերը, նշանակությունը»։
Հարցին, թե արդյո՞ք եղել են այնպիսի համայնքներ, որոնք դեմ են եղել այս որոշմանը՝ Կարապետյանը պատասխանեց.«Համայնքներ են եղել, որոնք մտահոգություն են ունեցել, որովհետև ամբողջովին չեն տիրապետել ինֆորմացիային կամ չի եղել բացատրական աշխատանք մեր կողմից։ Գլխավոր հանձնակատարի այցերից, երկխոսություններից հետո այդ մտահոգությունները վերացել են»։