02/06/2023 12:20
Ուղղակի սահմռկեցուցիչ էր. ոստիկանության շարքերում նմանատիպ մարդկանց, ծառայողների ներկայությունն արդեն խաթարում է ոստիկանության բուն էությունը. Իրավապաշտպան
Քննչականի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը երեկ Aysor.am-ին հայտնել էր, որ Դիլիջանի քրեականի պետը, որը ծեծի էր ենթարկել 16-ամյա տղայի, քրեական հետապնդման չի ենթարկվի։
Մասնավորապես, նա ներկայացրել է դիմում այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ դեպքն ուղղակի սահմռկեցուցիչ էր.«Փաստացի ոստիկանության պատասխանատու պաշտոնյան ծեծի է ենթարկում անչափահաս տղայի, և դեպքը եղել է ոստիկանության ուշադրության տակ, բողոք է եղել և ընթացքը եղել է այնպիսին, որ բավարարվել են ներողությամբ, քրեական հետապնդումը չի շարունակվել։ Նույնիսկ ոստիկանությունում նման աշխատակցի պաշտոնավարումը շարունակվել է, ինչն անընդունելի է»։
Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ ոստիկանության շարքերում նմանատիպ մարդկանց, ծառայողների ներկայությունն արդեն խաթարում է ոստիկանության բուն էությունը և բռնության մշակույթի թույլատրելիությունը, շարունակականությունը լեգիտիմացնում է.«Բռնությունը մեր հասարակության միջից արմատախիլ անելու ջանքերը դրանով փոշիանում են։ Իրավապաշտպանները տարիներ շարունակ բարձրաձայնում են դրա մասին։ Անընդունելի են նման երևույթները։ Հատկապես այն հանգամանքը, որ սա կատարվում է անչափահասի նկատմամբ և մեծահասակների թողտվությամբ։ Անհրաժեշտ է, որ քաղաքացիական հասարակությունը, իրավապաշտպանները, ՄԻՊ-ը հստակ դիրքորուշներով հանդես գան՝ այդ աշխատակցին հեռացնեն և քրեական վարույթ հարուցեն»։
Հովհաննիսյանի խոսքով՝ պետության նպատակը պետք է լինի պատժելիության մթնոլորտ ստեղծելը.«Որևէ մեկը երաշխավորված չէ անհատական վատ դրսևորումներից։ Այո՛, ոստիկանության մեջ կարող են լինել մարդիկ, որոնք ունենան բոլորովին այլ պատկերացումներ և գործեն դրանց շրջանակներում։ Բայց պետության դիրքորոշումը պետք է լինի այդ անձանց համակարգից հեռացնելը։ Եվ եթե պետությունը թույլ է տալիս, որ նմանատիպ մարդիկ շարունակեն համակարգում գտնվել և թելադրեն նաև իրենց բարքերը և իրենց պահվածքով վատ օրինակ հանդիսանան, կարծում եմ, մենք շատ հեռու կլինենք ժողովրդավարությունից, և այդ հայտարարությունները կմնան լոկ դատարկ խոսակցություններ»։