02/06/2023 16:42
Կարծում եմ՝ Արսեն Թորոսյանին հարցաքննելու անհրաժեշտություն կա. Սասուն Խաչատրյան
Լրագրողներն այսօր ԱԺ-ում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե ինչպես չեղարկվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տան վրա դրված կալանքը, որից հետո նա կարողացավ այն վաճառել։
«Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ դատական բոլոր ատյաններով որոշում է կայացվել, այդ որոշումն օրինական ուժի մեջ է մտել, և կալանքը պետք է հանվեր», - պատասխանեց նա։
Հարցին՝ Առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանին արդյո՞ք ծանուցում ուղարկել են և հրավիրել հարցաքննության՝ Խաչատրյանը պատասխանեց, որ տեղյակ չէ, թե քննիչը ծանուցում ուղարկե՞լ է, թե՞ ոչ, սակայն կարծում է, որ Արսեն Թորոսյանին հարցաքննելու անհրաժեշտություն կա»։
Անդրադառնալով Մարտի 1-ին՝ նա նշեց, որ բոլոր բացահայտումների մասին արդեն խոսվել է.«Այդ գործով գրեթե բոլոր իրեղեն ապացույցները, բազմիցս ասել եմ, կեղծվել են։ Հիմա ի՞նչ եք ուզում ինձանից»։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչ կապ ունեն իր առանձնատան ձեռքբերումը և Արսենյանների ընտանիքի նկատմամբ քրեկան գործերի կարճման դեպքերը, որին ի պատասխան՝ Սասուն Խաչատրյանը նշեց, որ դրա մասին տեղյակ չէ.«Մեր վարույթում Արսենյանների վերաբերյալ գործ չի քննվել»։
Դիտարկմանը, թե իրեն չի անհանգստացնում, թե 1 տոննա կոկաինն ինչի համար էին Հայաստան բերել՝ Խաչատրյանը պատասխանեց.«Իհարկե, անհանգստացնում է։ Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով։ Ես զբաղվում եմ կոռուպցիոն հանցագործություններով»։
«Այս պահին ունենք մեկ քրեական վարույթ, որով պետական բյուջե է վերականգնվել 250 մլն դրամ, 34 մլրդ դրամի վնաս ունենք, որի վերականգնման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել, այդ գումարի չափով կալանք է դրված ամբողջ գույքի վրա», - տեղեկացրեց Խաչատրյանը՝ հավելելով, որ 34 մլրդ-ի դեպքում գործ ունեն ո՛չ նախկին, ո՛չ էլ ներկա պաշտոնյայի հետ․ նա բիզնեսմեն է։