02/06/2023 20:16
Երեխան պետք է պաշտպանված լինի ծեծից, վիրավորանքից․ Անահիտ Մանասյան
ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«Համացանցում «Դիլիջանի քրեականի պետը ծեծի է ենթարկում 16-ամյա տղային» վերտառությամբ տեսանյութի հրապարակումից հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ աշխատակազմում սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ. ուսումնասիրվել է նաև դեպքի վերաբերյալ հրապարակված տեսաձայնագրությունը։
Պաշտպանի համար յուրաքանչյուր երեխայի լավագույն շահն առաջնահերթություն է, իրավունքների պաշտպանությունը մեր երկրում պետք է երաշխավորված լինի։ Առհասարակ, երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ հանգամանքից, անընդունելի է։
ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով, ինչպես նաև ներպետական օրենսդրությամբ՝ Պետությունն ունի պարտավորություն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ երաշխավորելու համար երեխայի պաշտպանությունը բռնությունից՝ անկախ բռնության դրսևորման ձևից:
Երեխան պետք է պաշտպանված լինի բռնության բոլոր ձևերից, այդ թվում՝ ֆիզիկական կամ հոգեբանական, ծեծից, վիրավորանքից կամ չարաշահումից, ծաղրանքից կամ անտեսումից, կոպիտ վերաբերմունքից, շահագործումից և այլն:
Հարցի առնչությամբ պարզաբանումներ են պահանջվել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից և Գլխավոր դատախազությունից։
Երեխայի լավագույն շահի ապահովմանն առնչվող հարցերը քննարկվել են նաև Դիլիջան համայնքի իրավասու ներկայացուցչի հետ։
Բացի այդ, ՄԻՊ աշխատակազմը մշտական կապի մեջ է անչափահաս տուժողի շահերի ներկայացուցչի՝ փաստաբանի հետ»։