02/06/2023 17:51
Վտանգված է ամբողջ Արցախ աշխարհն ու Մայր Հայաստանը, մեր ժողովուրդն ու մեր պետականությունը․ Ազգը պիտի արթնանա․ Պարգև Սրբազան
Ամերիկյան Գլենդել քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները երեկ՝ հունիսի 1-ին, բողոքի ակցիա են արել՝ հաջակցություն Արցախի և ընդդեմ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման։
Ակցիան սկսվել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև Սրբազանի աղոթքով, որից հետո նա միասնության, միաբանության, Արցախին սատար կանգնելու կոչ է ուղղել հավաքի մասնակիցներին ու բոլոր հայերին։
«Մենք ձեզ հետ հայտնվել ենք վճռական, օրհասական պահին, երբ վտանգված է ամբողջ Արցախ աշխարհն ու Մայր Հայաստանը, մեր ժողովուրդն ու մեր պետականությունը»,- ընդգծել է Պարգև Սրբազանը՝ հավելելով՝ մարդասիրական աղետի մեջ գտնվող Արցախը հայաթափելու, ցեղասպանելու Ադրբեջանի ցանկությունն անիրականանալի թողնելու համար պետք է միաբանվել ու պայքարել․ այսօր գոյաբանական վտանգի տակ է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը։
«Մենք պիտի սատար կանգնենք մեր պատմական, հայկական Արցախին։ Այսօր վտանգված է նաև Մայր Հայաստանը։ ՀՀ սահմանադրության պրեամբուլայի մեջ գրված է՝ արտաքին, ներքին քաղաքական պատճառներով ոչ ոք իրավունք չունի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմից ներս։ Ով դա անում է, Հայոց հիմնական օրենքին հակառակ է գնում։ Դա անընդունելի է»,- շեշտել է Արցախի թեմի նախկին առաջնորդը։
Պարգև Սրբազանն աններելի է համարել նաև հասարակության մեջ տիրող անտարբերությունը։
«Թմբիրից, անտարբերությունից պիտի արթնացնենք ամբողջ ազգը։ Այսօր պիտի բռունցքվենք, վաղն ուշ է լինելու։ Այսօր էլ է արդեն ուշ։ Ազգը պիտի արթնանա։ Ինքն իրեն պիտի տեր և պաշտպան կանգնի։ Ով որ պաշտպանվում է, ով որ պայքարում է, նա՛ է հաջողություն ունենում․ պայքարողի՛ն են օգնում, օգնության հասնում։
Ոչ մեկից չնեղանանք՝ պրոարևմտյան, պրոարևելյան ուժեր․ ամեն պետություն իր շահն ունի։ Մենք բոլորս պիտի լինենք պրոհայկական, հայկական շահը պիտի հետապնդենք, մոռանանք արևելյան, արևմտյան կողմնորոշումները։ Պրոհայկական պիտի լինենք, և վերջ։
Եվ ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, և պիտի միաբանվենք։ Սրա մեջ է մեր հաջողության գրավականը։
Մեր ժողովրդին արթնություն, միաբանություն, սեր և իմաստնություն»,- իր ելույթն ամփոփել է Պարգև Արբազանը։