02/06/2023 15:50
Քրեական հետապնդում է հարուցվել անչափահասին հարվածներ հասցրած Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ
2023 թվականի հունիսի 2-ին, Տավուշի մարզի դատախազի որոշմամբ` վերացվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշումը, տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Նույն օրը Տավուշի մարզի դատախազության դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչին տրվել է հանձնարարություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ՝ ենթադրյալ հանցանքի փաստական նկարագրությունը և տրված իրավական գնահատականը շտկելու համար, ինչը կատարվել է:
Դատախազի որոշմամբ՝ Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), այն բանի համար, որ Ա. Ղայթմազյանը 2023 թվականի ապրիլի 10-ին` ժամը 23:30-ի սահմաններում, գտնվելով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում, անհիմն վիճաբանության մեջ է մտել ռեստորանի աշխատակից` անչափահաս Ա.Ա.-ի հետ, ձեռքի ափերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Ա.-ի գլխի և մարմնի տարբեր մասերին` անչափահասին պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ:
Դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչին տրվել է նաև հանձնարարություն՝ Ա. Ղայթմազյանին մեղադրանք ներկայացնելու, ազատության մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարան միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ:
Տրված հանձնարարությամբ պահանջվել է քննության առարկա դարձնել բոլոր հնարավոր վարկածները, պարզել տեղի ունեցածի իրական պատճառները, ինչպես նաև քննության առարկա դարձնել անչափահաս տուժողի՝ նշված համալիրում աշխատելու իրավական հիմքերը:
Միևնույն ժամանակ, դատախազի կողմից, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակում, «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում սկսվել է ուսումնասիրություն՝ ի թիվս այլնի՝ անչափահասներին աշխատանքի ընդունելու օրենքով սահմանված կարգի հնարավոր խախտումները վեր հանելու և իրավական գնահատականի արժանացնելու նպատակով:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: