02/06/2023 11:45
Շվեդիայի և Գերմանիայի հայ համայնքները խստորեն դատապարտում են Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ-ն պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում
Շվեդիայի եւ Գերմանիայի հայ համայնքի խորհուրդները հանդես են եկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովին զորակցող, ինչպես նաեւ Փաշինյանի՝ մայիսի 22-ի հայտարարությունը դատապարտող հայտարարություններով։
Հայտարարությունները՝ ստորև
Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը զորակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությանը՝ համարելով որ Արցախի Հանրապետությունը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս որեւէ կառույցի կողմից, հատկապես Հայաստանի Հանրապետության իշխանության։
Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ, որը բխել է ՄԱԿ «ժողովուրդների և ազգերի ինքնորոշման մասին» բանաձևից և որևէ իշխանություն իրավասու չէ այն վիճարկել։
Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր այդ հանձնառությամբ նաեւ խախտում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին, քանզի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման համաձայն «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։
Կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել Արցախի Ինքնորոշման իրավունքի եւ ՀՀ ինքնիշխան տարածքների պաշտպանության շուրջ եւ թույլ չտալ ՀՀ օրվա իշխանությունների կողմից Արցախի Հանրապետությունը և ՀՀ ինքնիշխան տարածքները Ադրբեջանին զիջելուն, համայն հայության համախմբման շնորհիվ է միայն հնարավոր հաղթական ելքը այս դժվարին իրավիճակից, այլապես աղետալի հետեւանքները հայկական պետականության համար անխուսափելի կլինեն:
Շվեդիայի հայկական կազմակերպությունների միությունը (UAAS) խստորեն դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի հայտարարությունն առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։
Հայտարարությունն ակնհայտորեն հակասում է միջազգային իրավունքի այնպիսի դրույթների, ինչպիսիք են՝ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև սուվերենությունը և միջազգային քաղաքական կարգավիճակն ընտրելու իրավունքը։
Հայտարարությունը հակասում է նաև 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրապետական հանրաքվեի ժամանակ արտահայտած Արցախի պետական անկախության հռչակագրին։ Արցախի կարգավիճակն արդեն որոշվել է ժողովրդի արտահայտված կամքով, այնուհետև մի քանի անգամ վերահաստատվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից։ Վերջին վերահաստատումը եղել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից անմիջապես հետո։
Ավելին, Արցախի ժողովրդի համար ցանկացած կայուն և տևական լուծում պետք է վայելի հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերի աջակցությունը։ Շվեդիայի հայկական կազմակերպությունների միությունը (UAAS) այն կարծիքին է, որ Հայաստանի վարչապետի հայտարարած լուծումը չի հանգեցնի Արցախում խաղաղության, քանի որ այն ընդունելի չէ Արցախի Հանրապետության ժողովրդի համար։ Ընդհակառակը՝ առաջարկվող տարբերակն իրագործման պարագայում վտանգի տակ է դնում Արցախի ազգաբնակչության անվտանգությունը և կարող է առաջացնել այնպիսի պայմաններ, որոնք 90-ականներին, Խորհրդային Միության փլզումից հետո ազգամիջյան հակամարտության պատճառ դարձան։