02/06/2023 14:39
Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, Տիգրանաշենին կսպասվի Շուռնուխի ճակատագիրը, բայց շատ ավելի վատ. Արթուր Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ, եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության ու շարունակի այն քաղաքականությունը, որն այսօր է իրականացնում, ապա Տիգրանաշենին կսպասվի Շուռնուխի ճակատագիրը, բայց շատ ավելի վատ։
«Նիկոլ Փաշինյանը հղում է կատարում 1975 թվականի քարտեզին, ինչո՞ւ հենց 1975, ոչ թե, ասենք, 1920-ականների, երբ ԱԼ լճերը ՀՀ տարածք էին ու հետո հանձնվեցին Ադրբեջանին, ընթացքում էլի տարածքներ են զիջվել, դա հասկանալի չէ, չնայած հասկանալի է՝ Ադրբեջանն այդպես է ուզում, այդպես է անում», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ 1975 թվականի քարտեզով Գորիս-Կապան ճանապարհն անցնում էր Հայաստանի տարածքով։
«Հիմա, եթե 1975 թիվն են հիմք ընդունում, ինչո՞ւ տարածքը զիջեցին Ադրբեջանին», - նշեց Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է Տիգրանաշենին՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց, թե եթե ուզում են ՀՀ փաստացի տարածքից ինչ-որ բան զիջել, դա պետք է տեղի ունենա հանրաքվեով, ինչպես պահանջում է ՀՀ օրենսդրությունը։