02/06/2023 15:22
Դատախազը վերացրել է 16-ամյա պատանուն հարվածած Դիլիջանի քրեականի պետին մեղադրանք չառաջադրելու որոշումը. Արգիշտի Քյարամյան
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը չի տիրապետում, թե ինչ հիմքով է քրեական հետապնդումը դադարեցվել Դիլիջանի քրեականի պետի նկատմամբ, որը ծեծի էր ենթարկել 16-ամյա մատուցողին։
«Գործուն զղջալու հիմքով է քրեական պատասխանատվությունց ազատվել տեսանյութում երևացող անձը։ Պետք է նշեմ, որ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավասությունը ՔԿ-ի լիարզորությունների տիրույթից դուրս է, բայց, այնամենայնիվ, որպեսզի պարզ լինեի, կուզեմ ներկայացնել ՔԿ-ի ու անձամբ իմ մոտեցումը այդպիսի երևույթներին։ Մարզային քննիչն է միջնորդություն ներկայացրել ու, ընդհանուր առմամբ, Քննչական կոմիտեի մոտեցումներին հակասող մոտեցում է, դա մենք չենք ընդունում ու ընդհանուր մեր տրամաբանությունից դուրս է այն գաղափարը, որ այդ խրախուսական նորմը կարող է կիրառվել անչափահասների նկատմամբ ոտնձգություն իրականացնող անձանց նկատմամբ»,- Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Քյարամյանը։
Նրա խոսքով՝ իրավական տեսանկյունից, սակայն, օրենքը տալիս է այդ հնարավորությունը, որ առաջին անգամ ոչ մեծ ու միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից։
«Սակայն, ինչքան էլ այս հնարավորությունը կա, այնուամենայնիվ, դա հայեցողական է, ՔԿ-ի մոտեցումներին չի համապատասխանում կայացված որոշումը։ Ես գիտեմ, որ հանրության շրջանում բացասական արձագանք է գտել այդ երևույթը, ու այդ առումով պատրաստ եմ ներողություն խնդրել նրանցից, ովքեր այս դեպքով հիասթափվել են իրավապահ համակարգի աշխատանքից»,- ընդգծեց ՔԿ նախագահը։
Նա ասաց, թե ՀՀ գլխավոր դատախազությունը նույնպես կիսում է այս տեսակետն ու վերադաս դատախազը հսկող դատախազի որոշումն արդեն իսկ վերացրել է։
«Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- հավելեց Քյարամյանը։